կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-29 13:09
Հասարակություն

Հայկ նահապետի արձանը մաքրվեց

Հայկ նահապետի արձանը մաքրվեց

Օրերս սոցիալական ցանցերից մեկում երիտասարդները ստեղծել էին խումբ, որի նպատակը Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող Հայկի արձանը մաքրելն էր:

Ինչպես պնդում են նախաձեռնության կազմակերպիչները, արձանի մաքրման աշխատանքը քաղաքացիական նախաձեռնություն է, չի ներկայացնում որևէ հասարակական կազմակերպություն, չունի որևէ քաղաքական ուղղվածություն և հովանավորներ:

Կազմակերպիչներից Կարեն Առուստամյանը, ով նույնպես մասնակցում էր մաքրման աշխատանքներին, Նոր Նորքի բնակիչ է և պարբերաբար նկատել է, որ Հայկի արձանը կեղտոտ է: «Որոշեցի`ինչո՞ւ չանենք, ինչո՞ւ սպասենք. դա իշխանությունների գործն է, բայց հնարավորության սահմաններում` մեր միջոցներով մենք պետք է անենք»,- ասաց նա yerkir.am-ին:

Կարենը տեղեկացրեց, որ իրենք դիմել են Նոր Նորքի թաղապետարան, որի սոցիալական ապահովության, առողջության և ծրագրերի բաժնի պետ Մհեր Բաղդասարյանը, ընդհանուր բաժնի պետ Արսեն Հայրապետյանը և Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը խոստացել են երիտասարդներին  տեխնիկա և գործիքներ տրամադրել: «Շատ շնորհակալ ենք նրանցից, իսկ արձանը մաքրելու համար մնացած անհրաժեշտ պարագաները ձեռք ենք բերել ինքներս»,- ավելացրեց կազմակերպիչը:

Արձանը լվանալու ընթացքում խնդիրներ են առաջացել. Նոր Նորքի թաղապետարանի կողմից տրամադրվել էր ջրցան մեքենա, սակայն ջրի հոսանքի ուժգնությունը բավարար չի եղել արձանը ջրատար խողովակով լվանալու համար, այդ իսկ պատճառով մաքրման աշխատանքի մասնակիցները ջուրը դույլերով են հասցել արձանի մոտ` աստիճանաբար լվանալով այն:

Ինչպես տեղեկացրեց Կարենը, նման ծրագրեր դեռևս չունեն: «Այսօրինակ միջոցառումների արդյունքն ակնհայտ է. սա արվում է քաղաքը գեղեցկացնելու համար և շնարհակալ ենք, որ մարդիկ եկել են»,- ավելացրեց նա:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը նույնպես սոցիալական ցանցով է ստացել արձանի մաքրման նախաձեռնությանը մասնակցելու հրավեր և, ինչպես նշում է, իր հույսերն արդարացան: «Որոշեցի գալ և երիտասարդներից դրական լիցքեր ու եռանդ ստանալ. մաքրեցինք, սրբեցինք»,- ասաց նա:

Ըստ տիկին Բախշյանի` յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն, անկախ այն հանգամանքից, թե դրան քանիսն են մասնակցում, ավելացնում է քաղաքացիական հասարակության շինարարների թիվը:

Լիանա Եղիազարյանը ընկերների հետ էր եկել մասնակցելու մաքրման աշխատանքներին, նախաձեռնությունը հրաշք է համարում. «Ապրեն այս տղաները, որ սարի պես կանգնած են մեր մեջքին: Միշտ հավաքվելու ենք և այսպիսի բարի գործեր ենք անելու»:

Շուրջ երեք ժամ տևած աշխատանքների արդյունքում Հայկ նահապետի արձանը և հարակից տարածքներն արդեն մաքուր էին` չնայած այն հանգամանքին, որ սոցիալական ցանցով հրավերին դրական պատասխան տված շուրջ 155 մարդկանցից ներկա էին մոտ 20 հոգի:

Լուիզա Սուքիասյան