Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության շենքի առաջ իրենց բողոքն էին արտահայտում «Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները և Դալմայի այգիների տարածքի նախկին հողօգտագործողները:
Հիշեցնենք, որ Դալմայի այգիների տարածքի նախկին հողօգտագործողները 10 տարի շարունակ պայքարում են իրենց հասանելիք դրամական փոխհատուցումը ստանալու համար: Իսկ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկ»-ում: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Ներկայումս գործը քննվում է դատարանում:
Բողոքող բնակիչներին լսելու համար նրանց մոտ իջավ ՀՀ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: «Տոնուս»-ի կողմից խաբված բնակիչներին նա ասաց, որ կառավարությունն իրավունք չունի միջամտելու դատական գործերին: Իսկ բնակիչներն ասում էին, որ հոգնել են սպասելուց, որ նախագահականի ներկայացուցիչը հավաստիացրել է, թե իրենց խնդրով կզբաղվեն, մինչդեռ` անընդհատ խաբում են, ու ոչ ոք իրենց հարցով չի զբաղվում:
Դալմայի այգիների հողօգտագործողները փորձեցին մոտենալ Ալեքսանդր Ղազարյանին` բացականչելով, որ իրենց խնդիրն արդեն 10 տարի է` չի լուծվում:
Հարկ է նշել, որ տարբեր խնդիրներով կառավարության շենքի մոտ հավաքված բնակիչների միջև անգամ միասնություն ու հանդուժողություն չկար: Մասնավորապես` «Տոնուս»-ի կողմից խաբված բնակիչները խիստ անհանդուժող էին այլ խնդրով իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ. «Գնացեք էստեղից հա՞, մեր հետ մի խառնվեք, ձեր խնդիրն ուրիշ է, գնացեք հեռու, ձեր թեմայով առանձին կմոտենաք, մեր հետ գործ չունեք»:
Մանրամասները` տեսանյութում: