կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 12:50
Հասարակություն

Բողոքող քաղաքացիները մտել են ''Արցախ բանկ'' (թարմացվում է)

Բողոքող քաղաքացիները մտել են ''Արցախ բանկ'' (թարմացվում է)

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի շուրջ 180 ընտանիքների ներկայացուցիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ «Արցախ բանկի»: Այս պահին նրանք մտել են բանկի` Սայաթ-Նովա փողոցում գտնվող մասնաճյուղը և վեճի բռնվել բանկի անվտանգության աշխատակիցների հետ: Վերջիններս փորձում են դուրս հանել բորբոքված քաղաքացիներին, սակայն մարդիկ դիմադրում են` պնդելով, որ «Արցախ բանկը» վերցրել է իրենց տները, իրենք էլ եկել են` այդտեղ ապրելու:

 

Արդեն բանկում են իրավապահները, բայց նրանց էլ չի հաջողվում դժգոհող քաղացաիներին դուրս հանել բանկից:

 

Մասնաճյուղի կառավարիչ Զոհրաբ Ավետիքյանն ասել է, որ պատրաստ է հավաքված մարդկանցից 1-2-ի հետ առանձին զրուցել, սակայն քաղաքացիները չեն համաձայնում` նշելով, որ իրենք արդեն ասելու բան չունեն, քանի որ բազմիցս նման զրույցներ եղել են, և ոչ մեկը արդյունք չի տվել, ուստի իրենք մնում են բանկում, խափանելու են բանկի բոլոր մասնաճյուղերի բնականոն աշխատանքը, ճիշտ այնպես, ինչպես բանկը վերցրել է իրենց տները:

 

Այնուամենայնիվ, քաղաքացիներից երկուսը համաձայնեցին զրուցել բանկի կառավարչի հետ: Զրույցից հետո քաղաքացի Էմմա Ղազարյանը նշեց, որ կոնկրետ բան իրենց չեն ասել, միայն խոստացել են, որ բարձրացրած հարցերը կներկայացնեն ղեկավարությանը: Իրենք էլ, իրենց հերթին, խոստացել են, որ այսօր կդադարեցնեն  ակցիան բանկում և այն կշարունակեն կառավարության մոտ:

 

Սակայն բողոքողների մի մասը ոչ մի կերպ չի ցանկանում դուրս գալ բանկի տարածքից: Այժմ որոշում են իրենց հետագա անելիքները:

 

Էմմա Ղազարյանը նշեց նաև, որ իրենց միակ հույսը Սերժ Սարգսյանն է, և եթե այս ակցիան արդյունք չտա, կգնան բողոքելու նախագահին նստավայրի մոտ: