կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-08 14:55
Իրավական

Մարտի 8-ը քրեական գործերով փաստաբան Վարդուհի Էլբակյանի համար այն եզակի օրերից է, երբ նա կարող է իրեն լիարժեք կին զգալ, շեղվել մասնագիտությունից և վերադառնալ կնոջ` թույլ և անպաշտպան կերպարին:

 

Փաստաբանը, ով գրեթե ամեն օր այցելում է կալանավայր, դատարան կամ մասնակցում ինչ-որ քննչական գործողության,  yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ բարդ է աշխատել նման բնագավաում և մշտապես ուժեղ կին լինել: «Սա այն եզակի օրերից է, երբ դու հասկանում ես, որ մայր ես, կին, գեղեցիկ և նուրբ սեռի ներկայացուցիչ»,- ասաց նա և պատմեց տոնի առթիվ ստացած անակնկալների մասին. «Առավոտից մեկուսարաններում գտնվող իմ նախկին պաշտպանյալներից անսպասելի զանգեր եմ ստանում, բոլորը շնորհավորում են, կարծես Նոր տարի լինի: Շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ հիշում և գնահատում են»: Ըստ նրա` դա ամենամեծ գնահատականն է:

 

«Արդյո՞ք դժվար չէ կնոջ համար նման բնագավառում աշխատել» հարցին` տիկին Էլբակյանը պատասխանեց. «Շատ դժվար է, պետք է փորձես քեզ ճիշտ ներկայացնել, պետք է իմանաս` երբ, որտեղ և որ պարագայում քեզ ինչպես դրսևորես, պետք է գիտակցես, որ տղամարդկանց հետ գործ ունես, և քեզ ճիշտ պահես: Երբ մտնում ես մեկուսարան` շատ բան է փոխվում` և’ պահվածքդ ճիշտ պետք է լինի, և’ դու պետք է կանացի լինես, որ դիմացինդ հասկանա, որ կնոջ հետ գործ ունի»: Էլբակյանի խոսքով` ինքն, օրինակ,  այս տաիների ընթացքում բավականին կոփվել է: «Ճիշտ է, լինում են հիասթափություններ, բայց դա անցողիկ է: Եղել են դեպքեր, երբ բարկացած եկել եմ տուն և որոշել եմ այլևս չաշխատել, սակայն, երբ մի քանի ժամ անցել է, մտածել եմ, թե երբ պետք է լույսը բացվի, որ գնամ` անավարտ թողած գործերս հասցնեմ»:

 

Տիկին Էլբակյանի համար, թերևս, օրվա ամենահաճելի անակնկալը 5-ամյա որդու շնորհավորանքն էր և պատրաստած բացիկը: «Մեր տանն ամանորյա տրամադրություն է` հյուրեր, շնորհավորանքներ, շատ հաճելի է»:

 

Փաստաբանը նաև համամիտ է այն կարծիքին, որ այսօր հայ կանանցից շատերն ուշադրության պակաս ունեն: «Այսօր կանանց մասնակցությամբ մի հաղորդում էի դիտում, տեսնում էի, թե ինչքան տխուր են նրանք,  և ցավ էի ապրում, որ շատերն ընդհանրապես չէին կարևորում տոնը,  և դա բնական է, քանի որ այսօր մեր կանայք բազմաթիվ հոգսերի տակ «կռացել են»: Կինն իրեն ուժեղ և պաշտպանված է զգում, երբ կողքի տղամարդն ուշադիր է»,- շեշտում է նա:

 

Էլբակյանի կարծիքով` կարևորն ուշադրությունն է, այսինքն` կարևոր չէ`  նվերը շքեղ է, փոքր է, թե` սովորական, կարևորը` այն սիրելի մարդուց ես ստանում:

 

Հայ կանանց փաստաբանը մաղթեց հոգսերի թեթևացում: «Կմաղթեմ, որ մի փոքր հայ կանանց վրայից տղամարդիկ հոգսերը հանեն, որպեսզի կինը կարողանա ժամանակ գտնել իրեն հետևելու համար, ոչ թե միայն մտածի տան հոգսերի մասին: Կնոջն ընդամենը մեկ հաճոյախոսությունն էլ բավական է, որ նա ամբողջությամբ նվիրվի քեզ: Ցավոք, մեր տղամարդիկ սակավախոս են, խուսափում են հաճոյախոսություններ անելուց իրենց կանանց, երևի մտածում են, թե կանայք դրանից երես կառնեն, նման մտածելակերպով տղամարդիկ շատ են: Ես կցանկանամ, որ նրանք ավելի հասուն դառնան և իրենց կողքին գտնվող կանանց ինչպես հարկն է գնահատեն»: