Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ արդեն նախորդ տարեվերջին պարզ էր, որ ՀՆԱ-ի աճը չի լինելու այն մեծության, որը կառավարությունը դրեց 2014 թվականի բյուջեի հիմքում` 5,2 տոկոս, բայց ԱՎԾ-ի` երեկ հրապարակած ցուցանիշներից արդեն վերջնականապես ու պաշտոնապես պարզ դարձավ, որ ՀՆԱ-ի աճը 2013 թվականին կազմել է ընդամենը 3,5 տոկոս: Այսինքն` անցյալ տարի Հայաստանում արտադրվել են 4 տրլն 266 մլրդ 799.3 մլն դրամի կամ մոտ 10,4 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանքներ եւ ծառայություններ:
Հատկանշական է, որ ամենասկզբից` 2013 թվականի բյուջեով, կառավարությունը սահմանել էր ՀՆԱ-ի 6,2 տոկոս աճ: Սակայն տարվա ընթացքում այդ ցուցանիշը հետզհետե նվազեց, եւ վերջում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց 4,2 տոկոս ՀՆԱ աճի կանխատեսման մասին: Ընդ որում` երբ նայում ենք հրապարակված ՀՆԱ աճի ցուցանիշներին` եռամսյակային կտրվածքով, պարզվում է, որ 2013 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ աճը կազմել էր 7,5 տոկոս, երկրորդ եռամսյակում այդ աճի տեմպը կտրուկ ընկել էր` կազմելով 0,6 տոկոս, երրորդում` 1,6 տոկոս, իսկ արդեն 4-րդ եռամսյակում տեմպը մեծացել էր, ու գրանցվել է ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճ:
Եթե հաշվի առնենք, որ ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների նկատմամբ անվստահություն կա, եւ ենթադրվում է, որ ԱՎԾն-ն մշտապես այնպիսի թվեր է «նկարում», որ կառավարության օգտին լինեն, կանխատեսված 6,2 տոկոս եւ ստացված 3,5 տոկոս ցուցանիշների տարբերությունը, մեղմ ասած, մտահոգիչ է…
2014 թվականի բյուջեում կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճը: Եվ 2013 թվականի դառը փորձը հաշվի առնելով` բացառված չէ, որ այս կանխատեսումն էլ արժանանա այս տարվա ցուցանիշի ճակատագրին: Այսքանից հետո կառավարության վարքն է ուշագրավ, ամեն դեպքում, ինչպես օրեր առաջ նշել էր էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ցուցանիշների սխալ կանխատեսումների կամ կանխատեսումները չապահովելու համար ոչ ոք չի պատրաստվում ո'չ հրաժարական տալ, ո'չ էլ պատասխան` «համաշխարհային տնտեսությունն է մեղավոր», ինչպես սիրում է կրկնել մեր կառավարությունը:
Գ.Ա