կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 18:22
Հասարակություն

«Hi Lunch»-ը տեղի տվեց. ԵՊՀ բուֆետների դռները բացվեցին

«Hi Lunch»-ը տեղի տվեց. ԵՊՀ բուֆետների դռները բացվեցին

Դեռ 2013-ին պարզ էր դարձել, որ ԵՊՀ ղեկավարությունը որոշել է ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդակցությունների սրահը ժամանակավորապես վերածել բուֆետի, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել մի խումբ ուսանողների շրջանում: Սեպտեմբերի 1-ից, բացի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բուֆետից, համալսարանի մյուս բուֆետները չէին գործում, քանի որ դրանք շահագործող «Hi Lunch» ընկերության հետ ԵՊՀ-ն ցանկանում էր խզել պայմանագիրը, իսկ ընկերությունն այս տարիների ընթացքում կատարած ներդրման համար փոխհատուցում էր պահանջում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը նշեց, որ արդեն կանոնավոր կերպով սկսել են աշխատել ԵՊՀ բուֆետները` իրենց նախկին տեղերում, եւ ոչ մի դահլիճ էլ բուֆետի չի վերածվել:

 

«Երեք ընկերությունների ենք տրամադրել` երկու ամիս փորձաշրջանով: Աշխատեն` տեսնենք, եթե մեզ անհրաժեշտ պայմաններին բավարարեցին, ուրեմն` արդեն համապատասխան պայմանագրերը կկնքենք ու աշխատանքային պայմաններ կստեղծենք: Այդ երեք ընկերություններից երկուսն արդեն աշխատում են, երրորդն այսօրվանից կգործի` ռոմանո-գերմանական բանասիրության մասնաշենքի տակ գտնվող բուֆետում»,- ասաց Ղարիբյանը:

 

Նա տեղեկացրեց նաեւ, որ ընկերությունների առջեւ պայման է դրվել` մինչեւ 500 դրամի շրջանակներում սնունդ մատուցել ԵՊՀ անձնակազմին եւ ուսանողներին: «Մենք խնդիր ենք դրել նրանց առջեւ` ապահովել մատչելի եւ սանիտարահիգիենիկ պայմաններ: Ավելին` համալսարանը որեւէ ներդրում չի անելու, իսկ նրանց արված ներդրումների գումարն աշխատանքի արդյունքում կմարվի: Ի դեպ, պարտադիր կերպով ամեն օր ճաշացանկը փոփոխության է ենթարկվելու, տարբեր ճաշատեսակներ են մատուցվելու` սկսած սոլյանկայից մինչ սպաս ու մսեղեն խորտիկներ»,- ասաց Ղարիբյանը:

 

Նա նշեց նաեւ, որ «Hi Lunch»-ի հետ դատական կարգով վեճը լուծվեց, եւ ընկերությունը զիջումների է գնացել. ընկերությունը պահանջում էր 50 մլն դրամ, ԵՊՀ-ն վճարել է 22 մլն դրամ` գույքի եւ նրանց կատարած ներդրումների համար` ըստ պայմանագրի: «Դատական գործում հաջողությունը մեր կողմն էր, եւ վճարումը կատարելուց հետո նրանք տարածքն ազատեցին` գույքն ամբողջովին մեզ թողնելով, որը գնահատվել եւ փաստաթղթով ամրագրվել է»,- ասաց Ղարիբյանը: