կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 08:45
Իրավական

ՍԴ-ի պարզաբանումները հատուկ ԿԲ-ի և այլ անհասկացողների համար

ՍԴ-ի պարզաբանումները հատուկ ԿԲ-ի և այլ անհասկացողների համար

«Ժամանակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ որոշման ընդունումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, եւ հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռեւս վիճարկման փուլում է»:

Ուստի ԿԲ-ն հորդորել էր «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

«Ժամանակը» ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հարց է ուղղել՝ հարկ վճարողները չեն կողմնորոշվում՝ ենթարկվել ՍԴ որոշմա՞նը, թե՞ ԿԲ-ի ու հարկայինի պահանջներին: Բացի այդ՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք այդպիսով չի՞ նսեմացվում ՍԴ-ի դերը, քանի որ Կենտրոնական բանկն իր հայտարարությամբ փաստացի անիմաստ է հայտարարել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Մեզ ուղարկած գրավոր պատասխանում Առուշան Հակոբյանը հայտարարել է, որ համաձայն օրենքի՝ ՍԴ անդամներն ու աշխատակազմը պարտավոր են ձեռնպահ մնալ ՍԴ որոշման մասին տեղեկություն հայտնելուց:

 

«ՀՀ օրենքով ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք որեւէ մեկին տրված չէ: Ես չեմ կարող մեկնաբանել, ոչ էլ որեւէ մեկի հայտարարության հետ համեմատել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Մեր հարցադրմանը՝ չե՞ք կարծում, որ Կենտրոնական բանկի հայտարարության մեջ արդեն իսկ Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություն կա, ՍԴ ներկայացուցիչը հայտարարեց. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաեւ սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել: Որովհետեւ որեւէ գործատու, որեւէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ՝ նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք՝ եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշխատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»:

 

Դիտարկմանը, թե այսինքն՝ ԿԲ-ն հակասահմանադրակա՞ն հայտարարությամբ է հանդես եկել, Հակոբյանը պատասխանեց. «Էդպիսի բան ես չասացի: Ես ասում եմ՝ նրանք նախ սխալ են ներկայացրել դա, որովհետեւ ոչ մեկը չի կարող, ոչ մեկն իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Ի դեպ՝ անկախ այս իրավիճակից: Ընդհանրապես ոչ մեկն իրավունք չունի: Եթե անգամ սխալ է կատարել հաշվապահը, նախորդ աշխատավարձից իրավունք չունի պահումներ կատարելու»»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: