կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 19:44
Իրավական

Ի՞նչ գործընթաց է սկսել դատախազությունը՝ մարտի 1-ի գործով ազատազրկված Փաշինյանին «արդարացնելու » համար. փաստաբանի պարզաբանումները

Ի՞նչ գործընթաց է սկսել  դատախազությունը՝ մարտի 1-ի գործով ազատազրկված Փաշինյանին «արդարացնելու » համար.  փաստաբանի պարզաբանումները

Yerkir.amզրուցակիցն է ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար, փաստաբան Արմինե Ֆանյանը: Զրուցել ենք՝ դատախազության վերջին աղմկահարույց որոշման մասին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի գործով դատավճիռը:

-Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը եւ արդարացնել նրան: Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել Մարտի 1-ի անկարգությունների գործով։ Դատախազությունը վճռաբեկ բողոքով իրականում ի՞նչ գործընթաց է սկսել։

- ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելով սկսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 հոդվածով նախատեսված գործընթաց, այն է՝ նոր հանգամանքների ուժով պահանջում է Ն․Փաշինյանի նկատմամբ մարտի 1-ի գործով կայացնել արդարացման դատական ակտ, քանի որ ՄԻԵԴ-ը ճանաչել է վերջինիս իրավունքների խախտում։

Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը քննարկվող որոշումը կայացրել է Ն․Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ և հարց ու պատասխանի փուլում ՀՀ կառավարությունը որևէ պատասխան չի ներկայացրել։ Թերևս սա տրամաբանական կարող է համարվել միայն այն իմաստով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ կառավարությունը նախ կազմված է վարչապետից։ Այսինքն ստացվել է մի իրավիճակ, երբ Կառավարությունը պետք է պաշտպանվեր այն անձի ՄԻԵԴ ներկայացրած գանգատից, ով այդ պահին հանդիսանում է իր գլուխը։

Կարծում եմ, լրիվ կանխատեսելի ելք է։

-Ո՞րն է այսքան տարի անց Փաշինյանին Մարտի 1-ի դեպքերից մաքրելու նպատակը։

- Իրական նպատակների մասին դատողություն անել չեմ կարող, քանի որ դա բոլոր դեպքերում կլինի սուբյեկտիվ, սակայն ակնհայտ է, որ որ ցանկացած անձ, ով երբևէ դատապարտվել է որևէ հանցագործության համար՝ կցանկանա արդարացվել, մանավանդ, եթե նա վարչապետի աթոռը զբաղեցնողն է։

-2020թ. արցախյան պատերազմից հետո բազմաթիվ իրավաբաններ եւ փաստաբաններ պահանջում էին գործ հարուցել Փաշինյանի դեմ՝ պետական դավաճանության հիմքով: Դատախազությունը ոչ միայն մատը մատին չտվեց, այլեւ  Փաշինյանին այլ քրգործերից մաքրելու պրոցես է սկսել: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Մենք իբրև մասնագիտական հանրույթ, իբրև քաղաքացիական հասարակության մի մաս, անհրաժեշտ ենք համարել ներկայացնել հաղորդում, քանի որ բոլորիս էլ հուզում է այն հանգամանքը, թե արցախյան պատերազմում տեղի ունեցած իրադարձություններին ինչպիսի մասնակցություն է ունեցել Ն․Փաշինյանը, ով է պատասխանատու մեր պետության այդ կործանարար էջի համար և այդ ամենի նպատակը բացառապես ճշմարտությունը բացահայտելն էր։

Շատ մեծ ջանքերով հասանք այն բանի, որ քրեական գործն ի վերջո հարուցվեց։ Դատախազությունը ինչպես կարողացել դիմադրել է այդ գործընթացին, նույնիսկ մեր հաղորդմանն ի պատասխան որոշում կայացնել չէր ցանկանում, սակայն դատական վերահսկողության շնորհիվ՝ քրեական գործը հարուցվեց, քանի որ դատարանն արձանագրել էր մեր իրավունքների խախտումը և այդ ակտն անգամ բողոքարկման արդյունքում մնաց անփոփոխ։

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանն  Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը։ Արդյո՞ք ՄԻԵԴ-ի այս որոշումը Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի գործով արդարացնելու հիմք կարող է լինել:

-Ըստ էության ՄԻԵԴ-ը չի կարող արդարացնել որևէ անձի, ՄԻԵԴ-ն ընդամենը արձանագրում է ՀՀ կողմից ՄԻԵԴ-ով երաշխավորված իրավունքի խախտում։ Այդ վճռի հիման վրա ՀՀ-ում պետք է սկսվի պրոցես, որում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է նոր հանգամանքների ուժով վերանայի  Ն․Փաշինյանի դեմ կայացված վերջնական դատական ակտը և որոշի՝ արդարացնու՞մ է վերջինիս, թե ոչ։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ նա կարդարացվի։

Լիանա Սարգսյան