կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 13:51
Հասարակություն

Իրավիճակը չի գնահատվում ''լարվածության գագաթնակետ''. Սեյրան Օհանյան

Իրավիճակը չի գնահատվում ''լարվածության գագաթնակետ''. Սեյրան Օհանյան

Հայկական զինված ուժերը տեղում տվել են ադրբեջանական սադրանքի պատասխանը. այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման մասին:

 

Նա նշեց, որ այսօր իրավիճակը չի գնահատվում որպես «լարվածության գագաթնակետ», որովհետև կրակոցներ միշտ են եղել  որոնց միշտ համարժեք պատասխան է տրվել: «Մենք միշտ եղել ենք պարտադրողի, անհրաժեշտ դեպքում` նաև պատժողի դերում: Նրանց` երեք ու կես անգամ ավելի մեծ հատուկ ստորաբաժանումների գործողությունները կասեցրել է մեր 9 հոգանոց խումբը, որի կազմում էր նաև զոհված հերոս զինվոր Արմեն Հովհաննիսյանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նրա խոսքով՝ կրակի տեղափոխումն ավելի խորք, նշանակում է նախապայմաններ ստեղծել ավելի լայն գործողությունների համար, ինչի համար չկան նախադրյալներ: «Եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակը գա, մենք դրանք կիրականացնենք: Բայց մարտական գործողությունների սկսման համար տարբեր նախադրյալներ ենք պետք՝ քաղաքական, ռազմական և այլն, ինչը չկա»,- ասաց նախարարը:

 

Հարցին՝ արդյոք առկա՞ է պատերազմի վերսկսման վտանգ, նախարարը պատասխանեց. «Ռազմական ճանապարհով մենք մեկ անգամ լուծել ենք մեր խնդիրը: Մեզ պարտադրել են պատերազմ, մենք կարողացել ենք մեզ պաշպանել ու լուծել այդ հարցը: Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց հենց այս պայմաններում պատերազմի սկսման վտանգի հավանականությունը մենք համարում ենք շատ ցածր»: