Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Իջևան)` դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, կսկսվի Նոյեմբերյանի զորամասում 2013-ի մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ գործը նախագահող դատավորը` Ռաֆիկ Մելքոնյանը, նախորդ տարվա նոյեմբերի 28-ին ինքնաբացարկ էր հայտնել:
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ գործի նյութերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Իշխան Ստեփանյանը, ով գործին մասնակցում է որպես տուժողի իրավահաջորդ, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի հորաքրոջ որդին է: Փաստորեն, առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատավորի ինքնաբացարկի հիմք:
Yerkir.am-ի հետ զրույցում մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ եթե դատավորն ինքնաբացարկ չհայտներ, ինքն էր միջնորդություն ներկայացնելու:
«Իմ պաշտպանյալի կալանքի երկարաձգման ժամանակ դատավորը որոշման մեջ կալանքի հիմք էր նշել գործի հնչեղությունը, որը հիմք չէ: Դրանից հետո ինձ մոտ տպավորություն էր, որ դատավորը կաշկանդված է, սակայն պարզվեց, որ իմ մտավախություններն ավելի քան տեղին էին»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ մինչ ինքնաբացարկի պաշտոնական պատճառաբանությունը, ինքն ընդհանուր տեղեկություն ուներ, որ դատավորն ու տուժողի իրավահաջորդը նույն տարածաշրջանի բնակիչներ են, սակայն նրանց ազգակցական կապն իր համար անակնկալ էր:
Հիշեցնենք, որ, ըստ նախաքննության, 15.05.2013 թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում, թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ.Ստեփանյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ 15.05.2013-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով: