Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Աշոտյանը` որպես ԿԳ նախարար, գիտությունների թեկնածու, «Ֆեյսբուք»-ում հայտարարություն տարածեց, թե, Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության հետ կապված, իբր որոշ շրջանակներ կրքեր են փորձում բորբոքել: Աշոտյանը մի քանի դիտարկում էր նշել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:
Նույնիսկ տարօրինակ էլ չէ, որ ԿԳ նախարարը ակնարկ չէր արել ՀՊՏՀ ուսխորհրդի որոշ անդամների` քրեորեն հետապնդելի խուլիգանական արարքի մասին: Միայն այն, որ ԿԳ նախարարն այդ թեման հմտորեն շրջանցել էր և վերևից փորձել էր «դաս» տալ լրագրողական հանրությանը, փաստում է, որ այս իշխանության աչքի փուշը միայն լրագրողներն են, որովհետև նրանք «լավը» չեն տեսնում և զբաղված են միայն պաշտոնյաներին մրոտելով: Նախարար Աշոտյանը հիշեցրել էր, որ «Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը», ապա ավելացնում է, որ «գիտականության» շահարկումն արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար: Գիտենք, պարո'ն նախարար, եթե դուք նախարար դառնալուց հետո եք իմացել այդ մասին, մենք դա պարտավոր էինք իմանալ դեռեւս ուսանողական տարիներից: Չգիտես` ինչու, երբ լրագրողները փորձում են որևէ ոլորտ լուսաբանել, անմիջապես ոլորտի ղեկավարների կողմից դա դիտարկվում է որպես «բացահայտ քաղաքական նկատառումներով» արված քայլ: Որ ոլորտի մասին` լինի բնապահպանական, էներգետիկ, մշակութային, առողջապահական, թե իրավական, ուզում ես նյութ պատրաստել, պարզվում է` քաղաքական նկատառումներից ելնելով ես խնդրին մոտենում: Հարգարժան նախարարը, նրա կոլեգաներն ու վերադասը այդպես էլ չհասկացան, որ լրագրությունը մասնագիտություն է, և լրագրողներն ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարում` լուսաբանում են իրադարձությունը: Իսկ, որ քաղաքապետի գիտական թեզի պաշտպանությունը լուրջ իրադարձություն էր, ոչ ոք չի կասկածում:
Նախարարը պնդում է, որ պաշտպանությունները տեսաձայնագրվում են` ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ Տարոն Մարգարյանի դեպքում էլ չկա: Գիտենք, դա էլ գիտենք, բայց գիտենք նաև, որ լրագրողի համար իր իսկ կատարած ձայնագրությունը շատ ավելի արժեքավոր է, քան երբ բոլորին տալիս են մեկ ռակուրսից, ըստ հրահանգի նկարահանված տեսանյութեր և պահանջում ցուցադրել: Ձեր տեսաձայնագրությունը տվեք հեռուստաընկերություններին, նրանք հաճույքով ցույց կտան, իսկ մեզ թողեք` հանգիստ աշխատենք: Գուցե մենք ուզում ենք հպարտանալ մեր քաղաքապետի գիտական պատրաստվածությամբ, իսկ ինչո՞ւ` ոչ, ո՞վ չի ուզենա դոկտոր քաղաքապետ ունենալ: Այդ ո՞ր մի քաղաքացին չի հպարտանա, երբ տեսնի, որ իր քաղաքապետը նախ գիտության մշակ է, հետո նոր` ծաղիկ տնկող: Եվ ամենևին տեղին չէ հիշեցնել, թե` «Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել»: Մասնակցել ենք, պարո'ն նախարար, երբ կասկածներ ենք ունեցել, երբ հետաքրքիր թեմաներով պաշտպանություններ են եղել, անպայման լուսաբանել ենք, Դուք տեղյակ չեք, որովհետև ուսխորհրդի` Ձեր խուժան կուսակիցները չեն միջամտել:
Պարոն Աշոտյանը խոստանում է, որ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ-ն լինելու է օբյեկտիվ և անաչառ: Թույլ տվեք կասկածել Ձեր անաչառությանը: Ինչո՞ւ, որովհետև առաջին հերթին Դուք` որպես ԿԳ նախարար, պարտավոր էիք կանխել այս խեղկատակությունը, որն արդեն տարիներ շարունակ կոտրում է մեր գիտության ողնաշարը: Նկատել ե՞ք, պարո'ն նախարար, թե պետական պաշտոնյաներից քանիսն են պաշտոնավարման տարիներին գիտական աստիճան ստացել: Ուսումնասիրել ե՞ք, արդյոք, նրանց պաշտպանած թեզերը, քանի թեզ եք հետ ուղարկել` համարելով գրագողություն, քանիսի՞ն եք ամոթանք տվել, որ արտասահմանյան փորձագետների, մասնագետների գրած ծրագրերը տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող ԾԻԳ-երի համար թարգմանվել են հայերեն, և տվյալ գերատեսչության ղեկավարն այն որպես գիտական աշխատանք է ներկայացրել ու ստացել թեկնածուի «պաշտոն»: Վերջապես, ո՞վ, եթե ոչ Դուք` որպես ԿԳ նախարար, պետք է նախաձեռնություն ցուցաբերեիք և օրենքի ուժով արգելեիք պաշտոնյաների կողմից գիտությունը ծաղրի վերածելու նկրտումները: Տարոն Մարգարյանը ո'չ առաջինն է, ո'չ էլ` վերջինը: Անուննե՞ր, որքան ուզեք, նայեք ցուցակները և կհամոզվեք: Բայց սա էլ չէ կարևորը, այլ այն, որ նման «գիտնականները» վարկաբեկում են գիտության ոլորտը, այն գիտնականներին, որոնց անունների կողքին գրվելու են «տարոնականների» անունները: Իսրայելում այս հարցի լուծումը վաղուց են գտել. ոչ մի պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում գիտական թեզ պաշտպանելու իրավունք չունի: Եթե, իրոք, գիտության մեջ նոր խոսք ունես ասելու, խնդրեմ, պաշտպանիր դոկտորականդ մինչև պաշտոնյա դառնալդ կամ պաշտոնը թողնելուց հետո:
Եվ ամենևին հարկ չկա քաղաքական բեմադրություն անվանել լրագրողների կողմից Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության լուսաբանման բուռն ցանկությունը: Սիրուն չի: Մենք ենք ու մեր նպատակասլաց Տարոնը: Մարդը պատահական եկավ ու դարձավ քաղաքապետ, այժմ արդեն դոկտոր դառնալու հավակնություններ ունի, վաղը կցանկանա դառնալ վարչապետ, հետո էլ` նախագահ: Բա չիմանա՞նք` մեր ապագա նախագահի մտավոր կարողություններն ինչպիսին են, թե՞ բավարարվենք Ձեր դատողություններով և թողնենք, որ այդ ոլորտն էլ գլորվի ձորը միայն այն բանի համար, որ նա Ձեր կուսակիցն է և Ձեր բաժակի ընկերը: Վերջաբանի փոխարեն ուզում եմ հիշեցնել ժողովրդական մի խոսք, որ այս օրերին շատ արդիական է` «Գրագետ մարդու ցավն էլ տանեմ, անգրագետինն էլ, Աստված հեռու պահի կիսագրագետից»:
Բ.Գասպարյան