Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը մեծ աղմուկ հարուցեց երեկ, ու թեեւ նախագիծն անցած տարի ընդունվել է առաջին ընթերցմամբ, ամեն դեպքում, շարունակում է ՔՊ-ականների «կոկորդին» մնալ:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն իր նախագծով առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Նախագիծը հաջորդ շաբաթ ԱԺ-ում կքննարկվի արդեն երկրորդ ընթերցմամբ:
Իսկ իրականում ինչո՞ւ էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը թեժ և ուղեկցվում էր ՔՊ-ականների միջև լեզվակռիվներով: Իր ոգևորությամբ ու ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որը հայտարարեց, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի:
Նախ արձանագրենք, որ Հովիկ Աղազարյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ չէ, ուստի նրա մասնակցությունն ամենևին էլ պարտադիր չէր այդ նիստին: Եւ ուրեմն ի՞նչ առաքելությամբ էր նա նիստին մասնակցում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աղազարյանն իրականում հատուկ առաքելությամբ ուղարկվել էր հանձնաժողով ՔՊ խմբակցույթան ղեկավար Հայկ Կոնջորյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Բանն այն է, որ ՔՊ-ում Հայկ Սարգսյանն արտոնյալ դիրքերում է և այն քիչ պատգամավորներից է, որն անկախ է, չի ենթարկվում ՔՊ վերնախավի քմահաճույքներին, և այն եզակիներից է, որն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կոնտակտի դուրս գալու, SMS գրելու հնարավորություն ունի, ինչը խմբակցության՝ խարդավանքներ սիրող վերնախավի համար ցավոտ է, ու չեն կարողանում հաշտվել Հայկի ինքնուրույնության հետ:
Եվ, ահա, ՔՊ «հնարամիտ եռյակը» որոշել է Հովիկ Աղազարյանի միջոցով պատժել Հայկ Սարգսյանին առանց աչքի ընկնելու: Նրանք հրահանգել են իրենց քաղաքական գործիքի համարում ունեցող
Աղազարյանին, որպեսզի կռվի մեջ մտնի Հայկ Սարգսյանի հետ, նսեմացնի նրան: Աղազարյանը, որն առաջին ընթերցման ժամանակ նույն նախագծին «կողմ» է քվեարկել, երեկ դեմ էր խոսում: Պետք է սպասել նոր հարձակումների Հայկ Սարգսյանի վրա, որն ինքնուրույնություն ունի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի յսօրվա համարում: