Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի կարող 1 միլիոն տուգանք լինել, առավելագույն տուգանքը ոսկու հարգադրոշումների բացակայության ժամանակ եղել է առավելագույնը 500 հազար դրամ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը' անդրադառնալով ոսկու շուկայի աշխատակիցների ասածին, որ նախարարության համապատասխան տեսչության աշխատակիցներն իրենց բանավոր տուգանել են 1 միլիոն դրամի չափով, այսինքն` կաշառք են պահանջել:
«Ես հորդորում եմ, որ որեւէ մեկը որեւէ բան չվճարի որեւէ մեկին: Նման շանտաժի չենթարկվեն: Եթե եղել է այդպիսի բան, ապա եղել են նաեւ վկաներ, ուրեմն կարելի է դատական կարգով մեղադրել մեր աշխատակիցներին, եւ թող պատժվեն»,- նշեց Վահրամ Ավանեսյանը:
Նախարարը նաեւ համոզված է, որ չի եղել նման բան, երբ ոսկու շուկայի աշխատակիցներին տուգանեն ոսկու հարգադրոշմների ինչ-որ մասը չերեւալու պատճառով: Նա պնդեց, թե տուգանքներ են նշանակվել միայն, երբ կնիքներից որեւէ մեկն է բացայկայել:
«Այսինքն' չերեւացող, լավ չերեւացող կնիքների համար նման արձանագրություններ չկան: Եթե կան այդպիսի արձանագրություններ, թո'ղ ներկայացնեն, մենք կքննարկենք»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նա լրագրողներին ասաց նաեւ, թե հարգադրոշմ խփողները կազմակերպություններ են, որոնք պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի կարողանան դրոշմները ճիշտ խփել: Նախարարության համապատասխան տեսչությունն այդ ուղղությամբ եւս ստուգումներ է իրականացնում, եւ այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում պահանջներին, չեն կարողանում նորմալ հարգադրոշմում իրականացնել, նույնպես տուգանվել են: Այդպիսի ստուգումներ, ըստ Ավանեսյանի, եղել են 1 տարի, 2 տարի առաջ, եւ հիմա էլ շարունակվում են. դրանք պլանավորված ստուգումներ են, եւ ոչ մի արտառոց ստուգում չի իրականացվում:
Լրագրողների դիտարկմանը, թե ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում էին, որ հենց թերի հարգադրոշմների պատճառով են տուգանվել, նախարարը պատասխանեց, որ չի ուզում որեւէ մեկին մեղադրել ստի մեջ, բայց եթե կան նման բողոքներ, ապա, քանի որ տուգանքը նշանակվում է արձանագրություն կազմելով, ու եթե արձանագրության մեջ գրված է, որ տուգանք է նշանակվել ծուռ դրոշմ խփելու կամ թեւի բացակայության պատճառով, դա պետք է ներկայացնել:
Հարցին` կառավարությունը մտավախություն չունի՞, որ տարեվերջի համալիր ստուգումներով կստեղծվի սոցիալական լարվածություն, եւ ոսկու շուկայի աշխատակիցները նորից դուրս կգան բողոքի, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ կառավարությունն ունի մեկ մտավախություն' օրենքները կատարվեն, պլանային ստուգումները կատարվեն, բացառություններ չլինեն, եւ դա է, որ կհանգեցնի նրան, որ շուկայի 2 կողմերը` նրանք, ովքեր արտադրում ու վաճառում են, եւ նրանք, ովքեր գնում են, հավասար պայմաններում լինեն:
«Ես չեմ կարծում, թե ՀՀ-ում կլինի թեկուզ մեկ մարդ, որը կուզի գնալ ոսկու շուկա ու գնել ապրանք, որը չլինի ոսկի, լինի ավելի ցածր հարգի ոսկի: Դրոշմակնիք խփելը 100-300 դրամ արժե, իսկ տուգանքները` 50 հազար: Նորից եմ ասում' հարգադրոշմներ խփելը բավական էժան ծախս է' համեմատած տվյալ արտադրանքի հետ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Նախարարը հակված չէ նաեւ ենթադրել, թե «Վաղարշյան եւ որդիներ» ընկերության տերերն են դրդում աշխատողներին` բողոքել: Բայց նախարարը տեսակետ հայտնեց, թե միշտ էլ այդպես է` երբ ստուգումներ են լինում, տուգանքներ են նշանակվում, հետեւաբար, առաջանում են նման բողոքներ:
Իսկ նախարարությունը, տեղեկացրեց նախարարը, անընդհատ փորձում է բոլորին բացատրել, խորհրդատվություն տրամադրել, անընդհատ ելույթներ ունենալ, որ ստուգվելու են բոլորը` ըստ պլանային ստուգումների, եւ ոսկու շուկայում պետք է օրենքով սահմանված հարգադրոշմները լինեն անպայման: