կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 15:46
Քաղաքական

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պատասխանը` Yerkir.am-ի հարցմանը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պատասխանը` Yerkir.am-ի հարցմանը

Վերջին օրերին ԶԼՄ-ներում իրար հակասող տեղեկություններ են հրապարակվում Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Որոշ պարբերականներ նշում են, որ Ուկրաինան ինքնակամ հրաժարվել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից, որոշ աղբյուրների համաձայն էլ` Ուկրաինան 1 տարով կհետաձգի համաձայնագրի ստորագրումը՝ պայմանավորված ուկրաինացի գործարարների խնդրանքով: Օրերս տեղեկություն հայտնվեց, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն դեմ է նախագահ Վիկտոր Յանուկովիչի որոշմանը և համարում է, որ պայմանագրի ստորագրումը չպետք է հետաձգվի:

 

Yerkir.am-ը Ուկրանիայի նախագահի մամուլի ծառայությունից փորձեց պարզել ի վերջո, ո՞րն է Կիևի պաշտոնական դիրքորոշումը հարցի, մասնավորապես` վերոհիշյալ փաստերի վերաբերյալ, նախագահ Յանուկովիչը կմասնակցի վիլնյուսյան գագաթաժողովին, և արդյո՞ք պայմանագրի ստորագրումը տեղի կունենա, թե՞, այնուամենայնիվ, այն կհետաձգվի: Ստորեւ ներկայացնում ենք Ուկրանիայի նախագահի աշխատակազմի պատասխանը մեր հարցմանը:

 

«Ձեր հարցմանն ի պատասխան` կարող ենք ասել հետևյալը` այսօր ուկրաինական իշխանությունները ակտիվորեն պատրաստվում են Արևելյան գործընկերության` Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որի ընթացքում նախատեսվում է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

 

Նոյեմբերի 6-ին Կիևում տնտեսական ֆորումի ընթացքում ելույթ ունենալիս նախագահ Յանուկովիչը հայտարարել էր, որ «ընտրելով Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը` Ուկրաինան ազգային արդիականացման օպտիմալ մոդելի պրագմատիկ ընտրություն է կատարում»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ուկրաինան օբյեկտիվորեն հետաքրքրված է եվրասիական երկրների հետ խոր տնտեսական համագործակցությամբ: Նման հետաքրքրվածության հիմք են Ուկրաինայի տնտեսական ռազմավարական շահերը:

 

Նախագահը նաև ընդգծել է, որ պայմանագրի ստորագրումը եվրաընդլայնման նոր որակի ձեռքբերում է: «Ըստ էության` դրանով ԵՄ-ն ոչ թե ընդլայնում է սահմանները դեպի Արևելք, այլ «եվրասիական ուս» ձեռք բերում»,- ասել է Յանուկովիչը: Նրա խոսքերով՝ Ուկրաինան կարող է միացնող օղակ դառնալ ԵՄ-ի և Եվրասիական միության միջև` ապահովելով միասնական եվրոպական տնտեսական տարածության ստեղծում: Նման առաքելության կատարումը հնարավոր կլինի միայն գործընկերական հարաբերությունների դեպքում՝ ինչպես ԵՄ-ի հետ, այդպես էլ Եվրասիական տնտեսական միության:

 

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելուց հետո ԱՊՀ երկրների հետ փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու նպատակով Ուկրաինան պետք է առևտրա-տնտեսական համագործակցության նոր մոտեցումներ մշակի ԱՊՀ-ի շրջանակներում՝ ինքնիշխան համագործակցության, իրավահավասարության և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա:

 

«Այսպիսով՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը ոչ թե կդառնա մեր համագործակցության որոշակի փուլի ավարտ, այլ ավելի լայն և խոր ինտեգրման գործընթացի սկիզբ»,- ընդգծել է Յանուկովիչը»»: