Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեմինգուեյի պատմվածքների առաջին ժողովածուն ՝ «Մեր ժամանակները», լույս է տեսել 1924 -ին։ Մինչ այդ` 1918-ին, քսանիննամյա ապագա գրողը ամերիկյան Կարմիր խաչի շարասյան կազմում, որպես լրագրող, մեկնում է Եվրոպա' վավերագրելու Առաջին աշխարհամարտը։ «Զմյուռնիայի նավահանգստում» պատմվածքն անդրադառնում է 1919 - ին թուրքերի կողմից հույների նկատմամբ իրականացված կոտորածին։
Զմյուռնիայի նավահանգստում
Սարսափելի էր, ասում էր նա, թե ամեն օր՝ կեսգիշերին ինչպես էին նրանք ողբում։ Չէի հասկանում, թե ինչու էին հատկապես այդ ժամին ողբում։ Մենք նավահանգստում էինք, իսկ բոլորը՝ քարափին, և կեսգիշերին սկսում էին ողբը։ Որպեսզի հանդարտեցնեինք, նրանց վրա էինք ուղղում լուսարձակները։ Եվ միշտ հաջողում էինք։ Շարժում էինք լուսարձակը, երկու - երեք անգամ սահեցնում նրանց վրայով, և ձայները լռում էին։
Մի անգամ, երբ քարափում հերթապահ սպան ես էի , զայրույթից մոլեգնած մի թուրք մոտեցավ ինձ՝ բողոքելով, որ մեր նավաստիներից մեկը շարունակ հայհոյանքներ է շպրտում իր հասցեին։ Նրան հանգստացրի՝ ասելով, թե երիտասարդին նորից նավ կուղարկենք և խստագույնս կպատժենք։ Հետո խնդրեցի ցույց տալ նրան։ Եվ նա մատնանշեց մի ջահելի, որ հրետաձիգներից ամենահեզն էր։ Շարունակ այլանդակ հայհոյում է, շարունակեց նա՝ թարգմանչի օգնությամբ խոսելով ինձ հետ։ Չէի էլ կարող պատկերացնել, թե հրետաձիգը որտեղից պիտի այնքան թուրքերեն իմանար, որ հայհոյել կարողանար։ Կանչեցի նրան ու ասացի, որ այլևս որևէ թուրք սպայի հետ խոսքի չբռնվի։
- Նրանցից ոչ մեկի հետ երբեք չեմ խոսել,- սըր։
- Լիովին համոզված եմ,-ասացի,- բայց լավ կլինի, որ նավ բարձրանաս և այսօր այլևս ափ չիջնես։
Հետո թուրքին ասացի, որ երիտասարդը կվերդառնա նավ և կպատժվի խստագույնս, գուցեև
Ամենասարսափելին, ասում էր նա, մեռած երեխաներ ունեցող կանայք են։ Անհնար է նրանց համոզել որ տան մեռած երեխաներին։ Այդպես վեց օր պահում էին անշունչ երեխաներին ու չէին տալիս։ Ոչինչ չէինք կարող անել։ Ստիպված պիտի խլեինք ձեռքներից։ Իսկ ամենաահավորը այն պառավ կինն էր։ Երբ այդ մասին պատմեցի մի բժշկի, չհավատաց, ասաց՝ հորինում եմ։ Քարափն էինք մաքրում՝ մեռածներից պիտի ազատվեինք, իսկ այդ պառավն ինչ-որ պատգարակի վրա էր պառկած։ Մոտեցան ինձ. «Պարոն, չէի՞ք կամենա տեսնել նրան»։ Հայացքս նրան ուղղելն ու այդ պահին շունչը փչելը մեկ եղավ, մեռավ ու անմիջապես պրկվեց։ Ոտքերն առաջ եկան, մարմինը ուռեց և տեղում այդպես քարացավ։ Կարծես թե գիշերվանից էր մեռած եղել։ Հիմա այլևս մեռած էր և վերջնականապես քարացած։ Երբ երիտասարդ բժշկին պատմեցի այդ մասին, ասաց՝ անհնար է։
Նրանք բոլորն այնտեղ էին՝ քարափում, և տեսարանը ոչ երկրաշարժի, ոչ էլ որևէ այլ բանի նման չէր, տարբեր էր. նրանք երբեք չէին կարող հասկանա թուրքին։ Չգիտեին, թե ամեն վայրկյան ինչ կարող էր անել ծեր թուրքը։ Հիշու՞մ ես, երբ մեզ արգելեցին քարափը մաքրել։
Այդ առավոտ նավահանգստում սարսափի մեջ էինք։ Նրանց հրետանային ուժերն անհաշիվ էին և մեզ օդ թռցնելը ոչինչ էր նրանց համար։ Մենք պատրաստվում էինք գրոհի, որոշել էինք քարափի ողջ երկայնքով առաջ շարժվել, խարիսխ գցել ու հետո գնդակոծել քաղաքի թուրքական մասը։ Նրանք կարող են մեզ փոշի դարձնել օդում, բայց մենք էլ կարող էինք քաղաքը գրողի ծոցն ուղարկել։ Երբ սկսեցինք առաջ շարժվել, ընդամենը մի քանի դատարկ փամփուշտ ուղարկեցին մեր կողմը։
Նավահանգիստ եկավ Քեմալն ու փոխեց թուրք պարետին։ Չափն անցել էր կամ էլ նման մի բան։ Շատ բան էր վերցրել իր վրա, ու սատանան գիտե, թե ինչ կարող էր պատահել։
Չեմ կարողանամ մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջների մեջ էի ընկնում։ Ծննդաբերող կանայք այդքան սարսափելի չէին, որքան մեռած երեխաներ ունեցողները։ Նրանց հետ ավելի հեշտ էր։ Զարմանալի էր, որ քչերն էին մեռնում։ Նրանց ուղղակի մի բանով ծածկում էին և այդպես թողնում։ Սովորաբար քաշվում էին բանտի ամենամութ անկյունն ու այնտեղ երեխա բերում։ Միայն թե նավահանգստից հեռու լինեին, մնացած ամեն ինչը տանելի էր։
Բայց հույներն էլ ոչինչ։ Քաղաքը լքում էին և, քանի որ չէին կարող հետները վերցնել անասուններին, ուղղակի ջարդում էին նրանց առջևի ոտքերն ու քշում ծանծաղ ջրերը։ Ու կոտրած ոտքերով անասունները մղկտում-բառաչում էին՝ ջանալով դուրս պրծնել ծանծաղուտից։ Այո...., սարսափելի տեսարան էր։
Ազնիվ խոսք՝ սարսափելի տեսարան ....
Թարգմանությունը' Լիլիթ Գալստյանի