կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 11:51
Մշակույթ

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ. Սպիվակովը` Ցեղասպանության վերաբերյալ

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ. Սպիվակովը` Ցեղասպանության վերաբերյալ

Տեղեկացրել էինք, որ Հայաստանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգներով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Ապրիլի 12-ի երեկոյան մաեստրոն ժամանել է Հայաստան:

 

Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպես է վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստին, Սպիվակովը նշել է, որ իր այցելությունն ինքնին խոսում է այդ մասին. «Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ»:

 

Իսկ դիտարկմանը, որ աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն պատասխանել է. «Դա նրանց խնդիրն է։ Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է։ Օրինակ` Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ՝ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը ճանաչել է…»:

 

Երևանյան երեք համերգ. ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը։ Մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում: «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ, որպես մենակատար, հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Ուկրաինայից է և այժմ ապրում է Իտալիայում։ Հիասքանչ հանդես եկավ։ Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ` դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույք կստանա»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-16-ը երեք համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։