|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այս անգամ սկսենք նրանից, որ չարդարացան մեր կանխատեսումներն առ այն, որ լողի ֆեդերացիայի նախագահ է դառնալու Էդուարդ Շարմազանովը: Կարելի է ասել՝ արդարացան մասամբ: ՀՀԿ գործկոմում երկար քննարկումներից հետո որոշվել է, նկատի ունենալով մարդու գաղափարական բացարձակ նույնականացումը հանրապետության նախագահի հետ, Շարմազանովին հանձնել սինխրոն լողի հանրապետական ֆեդերացիայի նախագահի աթոռը: Արժանավոր ընտրություն է:
Իրեն արժանի ֆեդերացիան վերջապես գտավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը: Նա կղեկավարի բադմինթոնի հանրապետական ֆեդերացիան: Այս ընտրության համար վճռական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ պարոն Ավագյանն այս ոլորտում մեծ փորձառություն ունի: Դեռ մանկուց, երբ բակի աղջիկների հետ ամբողջ օրը բադմինթոն էր խաղում:
Ըստ շրջանառվող լուրերի՝ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահի աթոռի վրա աչք ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ այդ աթոռը շատ է հրապուրում նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին: Ի վերջո, նախկին լրագրողները «սրբագրել» են իրենց ցանկությունները և կոմպրոմիսի եկել՝ կստեղծվի սուսերամարտի հակաթոռ ֆեդերացիա, երկուսն էլ կաթոռավորվեն:
Գործերը լավ չեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար: Տիկինը շատ է ուզում դառնալ ջրացատկի ֆեդերացիայի նախագահ, ինչին, սակայն, կտրուկ դեմ է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս, իբրև մենեջմենթալ հոգեբանության խոր գիտակ, կասկածներ ունի, որ տիկին Պողոսյանն ուզում է առիթն օգտագործել ու ջրացատկի աշտարակից իրեն ցած նետել: Վասն Փակ շուկայի չփակվող թեմայի և Նունե Եսայանին նվիրատրված 54 միլիոն դրամի: Այդ պատճառով ամբողջ կառավարությունը մի մարդու պես համոզում է տիկին Պողոսյանին՝ գոնե խոտի հոկեյի ֆեդերացիայի նախագահ դառնա: Տեսնենք:
Իրադրությունը բարդացել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Սակայն այստեղ որևէ ֆեդերացիայի վերաբերյալ դեռ հավակնություններ չկան: Ուղղակի նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կպել է, թե՝ «Նիգ - Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահի պաշտոնից Աղվան Հովսեփյանին պիտի ազատել: Գործընկերները որքան էլ համոզում են, որ դա իր իրավասություններից դուրս է, միևնույն է, բան չի ստացվում: Ավելին` պարոն Կոստանյանն ուզում է ինքը դառնալ այդ միության պատվավոր նախագահ: Չեն օգնում այն իրավական փաստարկները, որ այդ աթոռին ինքը հարմար չէ թեկուզ այն պատճառով, որ ապարանցի չէ: Կոստանյանն իր հակափաստարկներն ունի. ըստ նրա՝ երկու տարի ապարանցու ձեռի տակ աշխատողը չի կարող գոնե մի քիչ ապարանցի չլինել:
(շարունակելի)
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։