կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-29 16:45
Առանց Կատեգորիա

Ֆեդերացիոն-ամբիցիոն

Ֆեդերացիոն-ամբիցիոն

Քանի որ եվրոպական չափանիշները իշխանավորներից պահանջում են հրաժարվել բուհերի կառավարման խորհուրդների նախագահների աթոռներից (այդ մասին օրերս հայտարարեց նաև վարչապետը), և հասարակական աշխատանքների առումով նրանք, փաստորեն, գործազուրկ են դառնում, իշխանական դասն արագ գտել է «փոխհատուցման» եղանակը՝ նրանք սկսել են հետևողականորեն զավթել մարզական ֆեդերացիաների նախագահների աթոռները:

 

Առաջին օրինակը, ինչպես գիտեք, տվեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ընտրվելով վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Ճիշտ է, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արագ փոզմիշ արեց վերջինիս ընտրությունը՝ խեղճին թողնելով անֆեդերացիա-անբան, բայց ձնագունդը սկսել է գլորվել, և Արթուր Օրինացին հետևում են տասնյակ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին՝ հիմնվելով եղած` համարյա ցամաք աղբյուրների վրա:

 

Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահի աթոռի վրա, ըստ շրջանառվող լուրերի, աչք ունի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Եթե ոչ ամբողջ ֆեդերացիան, ապա գոնե թռիչք բարձրության սեկցիան հաստատ կհանձնվի նրաբ, մանավանդ, որ նրա համար երաշխավորել է Զարուհի Փոստանջյանը՝ «էլի թռար, Լյովիկ» նշանավոր իր արտահայտությամբ հավաստելով, որ պարոն Զուրաբյանի համար թռնելը, փաստորեն, առտնին զբաղմունք է:

 

Լողի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նույնիսկ քաղաքական ճահճում մարդը կարողանում է լող տալ՝ ապացուցելով, որ ցանկացած ջրում լողալն իր համար պրոֆեսիոնալ ինքնաարտահայտման եղանակ է: Նա նաև նվիրվածորեն հերթապահում է բոլոր այն քաղաքական՝ «ապշած» լճակների մոտ, որտեղ հավեսի համար լող է տալիս Սերժ Սարգսյանը. վերջինս հենց սկսում է սկել, Շարմազանովը պատրաստ է:

 

Ասում են՝ ֆեդերացիայի նախագահ ընտրվելու դեպքում Էդիկն անգործ չի թողնի իր գործընկերոջը՝ ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանին. նա կնշանակվի թևալողի սեկցիայի ղեկավար:

 

Ուշուի (բնականաբար՝ ավանդական) ֆեդերացիայի նախագահի աթոռի վրա, ասում են, աչք ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Բայց սա թերևս ոչ այնքան արժանահավատ տեղեկություն է, որովհետև վերին օղակներում համարյա որոշված բան է՝ Գալուստ Գրիգորիչը շուտով նշանակվելու է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, վատագույն դեպքում՝ տերմինաբանական կոմիտեի նախագահ:

 

Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը Հովիկ Աբրահամյանի համար հարկից հարկ այնքան թուղթ-թանասուք է տարել-բերել, որ արդեն քանի տարի եղավ՝ գերազանց մարզավիճակում է: Սակայն Հ. Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ այդ աթոռը բաժին հասնի ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանին՝ զուտ գեղագիտական նկատառումներով՝ թող մի քիչ էլ նա մարզավիճակ ձեռք բերի:

 

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի ամենառեալ հավակնորդը, ըստ լուրերի, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն է: Այս լուրը տարածողները վստահ են, որ Նիկոլը լավագույն օրինակ կարող է դառնալ երիտասարդ բռնցքմարտիկների համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ «ադին նա ադին» ուզածդ հակառակորդի նա ուղղակի «չոտկում» է:

 

(կշարունակվի)

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ