կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-30 12:25
Առանց Կատեգորիա

Ֆեդերացիոն-ամբիցիոն - 2

Ֆեդերացիոն-ամբիցիոն - 2

Մարզական ֆեդերացիաների նախագահների փոփոխությունների աժիոտաժը շարունակվում է, իսկ Ազգային օլիմպիական կոմիտեն համարյա դարձել է ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Գործերը խառն են, ահավասիկ` ուշուի ֆեդերացիայում: Որպես նախկին երիտասարդ և մարզիկ՝ այս ֆեդերացիայի նախագահության երանելի ձգտումներ ունի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Նրա երազանքն, ամենայն հավանականությամբ, կկատարվի, եթե մտափոխ չլինի նրա կուսակցական ղեկավարը. ասում են՝ շեֆն ուզում է, որ պարոն Սեդրակյանը դառնա ոչ թե ուշուի ֆեդերացիայի, այլ ուշունցի հանրապետական կոմիտեի նախագահ: Ուշի ուշով կհետևենք իրադարձությունների զարգացմանը:

 

Խառն է վիճակը նաև սեղանի թենիսի ֆեդերացիայում: Այստեղ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարական գործունեության հինգ տարիներին (հոբելյանն օրերս նշեցին) այս նախարարությունում հյուրերի համար, մանավանդ՝ տիեզերագնաց, այնքան սեղան է գցվել, որ տիկին նախարարը, կարելի է ասել, սեղանի մասնագետ է, մնում է՝ թենիս սովորի: Ի դեպ, նախարարն արդեն սկսել է իր փիարը. Հայաստան եկած սիրիահայերին ամենից առաջ թենիսի սեղան է նվիրում՝ «Յուրաքանչյուր սիրահայի՝ մեկ թենիսի սեղան» ծրագրի շրջանակներում: (Եվ չնայած այս ահռելի նախապատրաստական աշխատանքներին, ասում են` հարազատ ղեկավարությունն այնքան էլ չի խրախուսում տիկին Հրանուշի ձգտումները: «Ամեն ինչ տեղն է, պինգ-պոնգն էր պակաս»,- Հրանուշի հասցեին քրթմնջացել է ականավոր ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը):

 

Վատ չէ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ախորժակը. մարդն ուզում է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալ: Թե ի՛նչ կապ ունի պարոն Աշոտյանը բասկետբոլի հետ, հայտնի չէ (գոնե մի կարգին բոյ ունենար (Արթուր Բաղդասարյանի նման), ասեինք՝ հա), սակայն չար լեզուները պնդում են, որ բասկետբոլը նախարարին հրապուրում է նրանով, որ ուղղակի թույլ է տալիս ուզած ժամանակ հանրության առջև հայտնվել շորտիկով: Իսկ դա Աշոտյանի հոգում ամեն անգամ անանց հուշեր է արթնացնում:

 

(շարունակելի)

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ