|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նոր պաշտոն է ստացել. նշանակվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական: Սա փոքր-ինչ տարօրինակ նշանակում է, եթե նկատի ունենանք այն հիմնավորումները, որոնցով Է. Բարսեղյանն ազատվեց մարզպետի պարտականություններից:
Պաշտոնական շրջանակները և անձամբ ինքը` Է. Բարսեղյանը, այդ օրերին պնդում էին, որ աշխատանքը թողնում է տարիքի, հանգստի կարիքի, հոգնած լինելու պատճառով: Արդ, թե ՀՀ ոստիկանապետի ինչի՛ն է պետք «հոգնածը», դժվար է ասել: Հատկապես անկախության շրջանում մեզանում հախուռն կերպով զարգացավ խորհրդականի ինստիտուտը, մանավանդ` ընդլայնվելու առումով:
Այսօր արդեն ամենաաննշան պաշտոնյան էլ ջանում է իրեն «պսակել» խորհրդականներով` թերևս թյուրիմացաբար կարծելով, որ դրանով իրեն պարուրում է խորհրդավորությամբ, ինչը հայկական իրականության մեջ իրեն հարգող յուրաքանչյուր չինովնիկի գլխավոր հոգսն ու մտահոգությունն է: Խորհրդականների դասն իր անվիճարկելի անհրաժեշտությամբ վաղուց արդեն երկրորդ տեղն է գրավում հայ պաշտոնեական դասի ծառայացուցակում` թիկնապահներից հետո:
Սակայն խորհրդականի ինստիտուտը, չնայած «առաջընթացին», այնուամենայնիվ շարունակում է ընկալվել իբրև այս կամ այն պատճառով իրենց բարձր պաշտոնը լքած երբեմնի կարևոր դեմքերի յուրօրինակ ծերանոց, որտեղ հավաքվում է մտերիմների աչքից ընկած, դուրսգրման ենթակա ծերակույտը: Խորհրդականի ինստիտուտի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոչ ոք չի սահմանել նրանց քանակն ու գործառույթների սահմանները. ամեն ինչ որոշվում է պահի թելադրանքով, ինչպես որ` Է. Բարսեղյանի դեպքում:
Հատկանշական է, որ նշանակումից առաջ հանրությունն անտեղյակ մնաց, թե ով է իր տեղը զիջել գեներալ լեյտենանտին, այդ որ խորհրդականն է ազատվել աշխատանքից, որ նրա փոխարեն նշանակվել է նախկին մարզպետը: Գրեթե տարակույս չկա` ոչ մեկն էլ չի ազատվել. խորհրդականի այս նոր հաստիքը հորինվել է հատուկ Է. Բարսեղյանի համար` ի սփոփումն վիրավոր հոգու և ի հատուցումն հայրենիքին մատուցած ծառայությունների:
Թե ի՛նչ խորհուրդ ու խրատ կարող է տալ Է. Բարսեղյանը նոր շեֆին, դժվար է ասել, բայց որ այս նոր թոշակառուով համալրված խորհրդականների ծերանոցը բյուջեից այսուհետ առավել մեծ փայ է պոկելու, անտարակուսելի է: Ի դեպ, որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե ինչ է նստում հարկատուներիս վրա ամբողջ այդ ժամանակավրեպ ինստիտուտը` նախագահի «ծերանոցից» մինչև մարզպետերի ու քաղաքապետերի «ծերանոցներ»: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ:
Լևոն Սարգսյան