Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո և' դրական, և' բացասական կետեր է նկատել: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:
Եղիազարյանի խոսքով` դրականն ու ուրախացնողն այն էր, որ այս անգամ չկային իրենց հարևաններին ուղղորդող թաղային հեղինակությունները, քվեարկությանը չէին մասնակցել հանգուցյալներն ու կալանավայրերից այդ օրվա համար հատուկ ազատ արձակված թմրամոլները: Իսկ բացասական ու վատ երևույթը, նրա կարծիքով, քարոզարշավի ընթացքն էր, ուժերին սև ու սպիտակի բաժանելը: «Սև ու սպիտակ դաշտի բաժանելը դա հենց դավաճանության սկիզբն էր Հայաստանում: Մենք գիտենք, թե ինչ ղեկավարներ ենք ունեցել, բայց նրանցից ոչ ոք իրեն այդպիսի բան թույլ չէր տվել»,- ասաց Եղիազարյանը:
Նա անդրադարձավ նաև ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: «Արշավ էր սկսվել ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ, համացանցում հայհոյանքներ էին գրվում նրա հասցեին: Այդ խուզարկությունները շտաբներում ակնհայտ շինծու էին: Ասում եմ` շինծու, որովհետև ոչ մի բան չապացուցվեց»,- ասաց Եղիազարյանը: Ըստ նրա` դա եղել է պատճառ, որ թեկնածուն քիչ ձայն հավաքի:
Եղիազարյանն անդրադարձավ մասնակցության տոկոսին: «Մասնակցությունը 43% է եղել, մնացած 57 տոկոսը չի մասնակցել ընտրություններին: Այս 57 տոկոսին էլ գումարեք մնացած ուժերի ստացած տոկոսներն ու կիմանաք` ինչքան է մնում, ում անունից խոսում են այսօր»,- շեշտեց նա և հավելեց. «Այդ տղան չի ընտրվել քաղաքապետ, վարչապետն է ընտրվել»:
Ըստ Եղիազարյանի` եթե քաղաքը չի պայթել Տարոն Մարգարյանի ժամանակ, չի պայթի նաև Կարգին Հայկոյի ժամանակ: «Նրանք երկուսն էլ Երևանի հետ կապ չունեն»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Բաղրամյան 26-ի` նախագահի նստավայրի դռները հանրության առաջ բացելուն` Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ դա դիտմամբ է արվել: «Հետո Բաբլոյանին ասելու են` դու էլ ԱԺ դռները բաց արա, իսկ ԱԺ դռները կբացվեն նրա համար, որպեսզի ժողովուրդը ներս մտնի և գրավի այն»,- ընդգծեց նա: