Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում գործող փաստաբանների համար այսօր ընտրական օր է: Նրանք ընտրում են փաստաբանների պալատի նախագահ: Նախագահի ընտրելու իրավունք ունի, սեպտեմբերի 12-ի դրությամբ, 1370 փաստաբան: Քվեարկությունը սկսվել է առավոտյան 9-ին, ավարտվել' 17-ին:
Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու' Տիգրան Աթանեսյանը, Արա Զոհրաբյանը եւ Կրոմվել Գրիգորյանը: Մեզ հետ զրույցում երեք թեկնածուների վստահված անձինք էլ ընտրությունների ընթացքը գնահատեցին նորմալ: «Բնականոն ընթացքով են անցնում, որեւէ խախտում չի եղել: Հենց խախտում նկատեցինք, անպայման կարձանագրենք»,- ասաց Կրոմվել Գրիգորյանյի վստահված անձ Վահագն Բաբայանը: Նա, ի դեպ, նկարահանում էր ընտրական գործընթացը:
Ընտրությունները նկարահանվում էին նաեւ թեկնածու Արա Զոհրաբյանի ներկայացուցիչների կողմից: Իսկ ահա Տիգրան Աթանեսյանը նման հարց չի քննարկել: «Մեր կողմից չի եղել նկարահանում, բայց մեր ներկայությունն ասում է, որ հետեւում ենք անաչառ»,- ասաց Տիգրան Աթանեսյանի վստահված անձ Կարեն Մկրտչյանը:
Ընտրության ընթացքին հետեւում է 7 դիտորդ «Հետաքննող լրագրողներ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ներից, «Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» Հայաստանյան ներկայացուցչությունից, «Մարդու իրավունքների, քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմներիի միջազգային ասոցիացիա»-ից:
«8:30-ից այստեղ եմ, նորմալ իրավիճակ է: Առաջին մի երեք ժամվա ընթացքում բավականին ակտիվ էին, կային կուտակումներ, բայց միջադեպեր չեղան: Ուշագրավ է այն, որ տարեց փաստաբաններն ավելի ակտիվ են մասնակցում ընտրություններին»,- ասաց դիտորդ Գրիշա Բալասանյանը:
Ի դեպ, առաջին ընտրողը, ով ժամը 9-ին էր եկել ընտրատեղամաս, 89-ամյա փաստաբան, Հայրենական պատերազմի վետերան Նարիման Միրզաբեկյանն էր: Փաստաբան Հասմիկ Ջալալյանը քվեարկությունն ավարտելուց հետո մեզ ասաց, որ իր համար ընտրոթյունները կարեւոր են, ընտրում են փաստաբանական ընտանիքի ներկյացուցիչ. «Փոխադարձ հարաբերությունները կազմակերպում ենք ընտանիքի ձեւով: Ես կողմ եմ առաջադեմ փոփոխություններին, բայց գոհ եմ նախորդ ղեկավարի գործողություններից»:
Փաստաբան Աննա Վարդանյանն էլ կարեւոր համարեց, որ փաստաբանների պալատը պաշտպանի փաստաբանների շահերը: «Փաստաբաններ կան, որ անտեղյակ են, թե ինչ է կատարվում պալատում, լիովին անտեղյակ են իրավիճակին»,- ասաց նա: Փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ այն կարծիքին է, որ փաստաբանների պալատը փաստաբանների ու նրանց վստահորդների կողքին է միշտ: «Ակնկալում եմ, որ ավելի զարգանա պալատը, զարգացած ու հզոր լինի, որ ճնշի կառավարությանը, եւ վերջինս օրենքները իրագործի, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա է»: Նա համարում է, որ փաստաբանները համախմբված են եւ, որպես ապացույց, նշում է բողոքի ցույցերն ու դատադուլները, որ երբեմն տեղի են ունենում:
Ահարոն Համբարձումյան
Հ. Գ. Թե ընտրությանը մասնակցած փաստաբանների մեծ մասը ում է գերադասել տեսնել փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում, կտեղեկացնենք արդյունքների մասին տեղեկություն ստանալուն պես: