կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-04 13:33
Առանց Կատեգորիա

Պատասխան` ''Չեմբեռլենին''

Պատասխան` ''Չեմբեռլենին''

Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի որոշման եվրոպական արձագանքները երկար սպասել չտվեցին. արդեն հայտնի են Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների առաջին արձագանքները, որոնց խորքին նայելով՝ դժվար չէ տեսնել ոչ միայն դրանց հեղինակների հիասթափությունը մեր երկրի նախագահից, այլև, տարաբախտաբար, ի դեմս նրա՝ Հայաստանից` որպես գործընկերոջ:

 

Արձագանքողների թվում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, որը պաշտոնապես է փակել Եվրոպայի դռները մեր երկրի առջև: «Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցացման համաձայնագրին ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է նա:

 

Բարձրաստիճան այս պաշտոնյայի հայտարարությունը բավականաչափ նուրբ իրավիճակ է ստեղծել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև իշխող Հանրապետական կուսակցության համար: Հիշեցնենք, որ քաղաքական այս ուժը Եվրոպայի ամենահզոր՝ Ժողովրդական կուսակցությանն անդամագրված հայաստանյան կուսակցություններից մեկն է, իսկ հանրությանը, շնորհիվ իշխանական լայն պրոպագանդայի, հայտնի են ԵԺԿ-ի՝ հատկապես ՀՀԿ-ի հետ ունեցած ջերմ ու գործընկերային հարաբերությունները: ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը նույնիսկ սովորություն էր դարձրել շնորհավորել ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին կայանալիք համապետական ընտրություններում դեռ գրանցելի՛ք հաղթանակների առթիվ:

 

Ահավասիկ, Ս. Սարգսյանի մոսկովյան «պատմական» հանդիպումից հետո ՀՀԿ-ն հայտնվել է, քիչ է ասել, նուրբ, թերևս նաև բավականաչափ անհարմար վիճակում՝ «գաղափարական» ընդհանրությունների վերաբերյալ փոխադարձ հավաստիացումներից ու սիրալիրություններից հետո ստիպված լինել պատասխան տալ նույն ԵԺԿ-ին: Ի դեպ, հենց նույն Էլմար Բրոկին, ով նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ