կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 17:40
Քաղաքական

Կողմնորոշումից հինգ պակաս

Կողմնորոշումից հինգ պակաս

Սարգսյան-Պուտին երկար սպասված եւ տարաբնույթ վերլուծությունների ու մեկնաբանությունների հիմք հանդիսացած հանդիպումը կայացավ: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հստակ ընդգծել է, որ «Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները թանկ են, և Հայաստանն ամեն ինչ կանի, որ դրանք էլ ավելի զարգանան»:

 

«Մեզ համար դա առաջնահերթություն է: Դրա հետ մեկտեղ, կան հարցեր, որոնք պետք է լուծել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասնեն: Եվ դրա համար ես եկել եմ Մոսկվա»,- ասել է մեր երկրի նախագահը:

 

Սերժ Սարգսյանի այս խոսքերը, որը հետո, ասենք, կարող է ավելի լուրջ հայտարարության տեսք ստանալ, բավականին սպասված էին, ինչը ենթադրում է, որ Հայաստանն, այդուհանդերձ, ինչ-որ պահի կմտնի Մաքսային միություն: Իհարկե, դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծել ... Դեռ պետք է խաղալ, բայց Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, իհարկե, ետ չի կանգնի: Այդ մասին այսօր անգամ հստակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` որ համաձայնագրի նախաստորագրում կլինի: Խնդիրը փաստաթղթի ստորագրումն է, որը կարող է եւ չլինել:

 

Դեպի Ռուսաստան գնալու դեպքում, ինչն, իհարկե, սպասելի եւ կանխատեսելի էր շատերի կողմից, նաեւ` պարզ եւ հասկանալի, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, անխուսափելի փոփոխություններ կլինեն նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

 

Տեւական ժամանակ է` խոսվում է սահմանադրական փոփոխությունների` երկրի կառավարման համակարգը փոխելու եւ խորհրդարանական համակարգի անցում կատարելու մասին: Դրա մասին առաջինը բարձրաձայնեց ընդդիմությունը, հիմա արդեն դրա հավանականության, ինչու ոչ, նաեւ անհրաժեշտության մասին խոսում է ՀՀԿ-ն: Որոշ ՀՀԿ-ականներ, իհարկե, գծված սցենարից առաջ են ընկնում կամ միտումնավոր իբր միամիտ հայտարարություններ անում, բայց ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանի կողմից արտաքին քաղաքական հարցում որոշ շեշտադրումներ անելու դեպքում, նա կշարունակի ղեկավարել երկիրը` իհարկե, կառավարման այլ մոդելով: Այդ ժամանակ արդեն անխուսափելի կլինի վարչապետի փոփոխությունը: Ռուսաստանի համակրանքը, մեղմ ասած, չվայելող Տիգրան Սարգսյանը դեռ մեկ-երկու տարի էլ կարող է վայելել պաշտոնը, հետո արդեն երկրում գործող հիմնական քաղաքական ուժերի համատեղ «ջանքերով» նոր կառավարման համակարգի անցում կատարած երկիրը կղեկավարի այսօրվա նախագահը...Թե ո՞վ կլինի վարչապետ Սերժ Սարգսյանի «նախագահը», իշխանությունները դեռ չեն էլ մտածում այդ ուղղությամբ... Թեեւ ի՞նչ իմանաս, գուցե տեղի ունենա փոխատեղում...

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ