կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 13:56
Իրավական

Հո գերի չե՞նք ընկել. ինչու՞ չի հրապարակվում ''ջրծաղիկի գործով'' վճիռը

Հո գերի չե՞նք ընկել. ինչու՞ չի հրապարակվում ''ջրծաղիկի գործով'' վճիռը

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011թ. դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:

 

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը  հրապարակեց ՊՆ-ին ուղարկված հարցումի պատասխանը, ըստ որի` պարզ դարձավ, որ ՀՀ ՊՆ-ն տուժողի ընտանիքին զինվորի հուղարկավորության, նրա գերեզմանի բարեկարգման և տապանաքարի պատրաստման, տեղադրան համար ընդհանուր հաշվով փոխանցել է 2 մլն 100 հազար դրամ, բացի այդ` տուժածի ընտանիքին ամսական հատկացվել է 30 հազար դրամ:

 

Ըստ փաստաբանի՝ տուժող կողմը քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի պաշտպանական կողմը միջնորդել էր գործը համաներման ակտով կարճել, սակայն դատարանը որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին՝ պատճառաբանելով, որ տուժող կողմը դեռևս միջնորդության վերաբերյալ կարծիք չի հայտնել:

Ինչպես այս գործով վերջին նիստերին, այսօրվա նիստը ևս հետաձգվեց. պատճառը տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի չներկայանալն էր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանը նշեց, որ դատաքննության ձգձգումը կապված է օրենքի բացի հետ: «Տուժող կողմը, չներկայանալով նիստերին, բազմիցս անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ: Չկա մի լծակ, որով կարողանան այդ մարդուն բերել դատարան: Մենք էլ գալիս ենք այստեղ, նստում ենք, որ ի՞նչ, հո գերի չե՞նք ընկել»,- ասաց նա:

 

Ի դեպ, մյուս պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը, yerkir.am-ին հայտնեց, որ գործն այս կերպով ձգձգելու դեպքում դատավորին ինքնաբացարկ կհայտնի: Փաստաբանի դիրքորոշումն առավել հանգամանալից կներկայացնենք քիչ ուշ:

 

 

Լուսանկարն՝ iravaban.net-ի