կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-21 16:53
Հասարակություն

Պուտինը բռնապետ է. Արթուր Սաքունցը պնդում է իր գրառումը

Պուտինը բռնապետ է. Արթուր Սաքունցը պնդում է իր գրառումը

«Իմ խոսքերը նպատակ ունեին ցույց տալ իրավիճակի ողջ լրջությունը, որը հիմա կա Հայաստանում, այն է` մարդկային տարրական արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք իշխանությունների կողմից»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` մեկնաբանելով իր ֆեյսբուքյան գրառումը, որը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

 

Նշենք, որ Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը հետևյալն էր. « Ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու ու ասի` ռադ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից․․ ուրեմն ստրուկ է, տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ․․․ սա է․․ եթե կա այլ տարբերակ, ասեք»:

 

Արթուր Սաքունցի խոսքով` շատ նվաստացուցիչ է, որ մարդիկ անտարբեր են, երբ իշխանություններն իրենց արժանապատվությունը նվաստացնում են: Նա զարմանում է, թե այդ իրավիճակն ինչպե՞ս չի վրդովեցնում նույն այն մարդկանց, ովքեր վիրավորվել են իր ֆեյսբուքյան արտահայտություններից: Նա նշեց, որ իրեն վրդովեցրել է մարդկանց անճարությունը, երբ նրանք ոչ մի կերպ չեն ուզում կասեցնել իրենց արժանապատվության ոտնահարումը:

 

Իրավապաշտպանը նաև ընդունում է, որ իր գրառումը ծայրահեղ ու շատ խիստ գնահատականներ էր պարունակում, բայց նա այդ միջոցով է փորձել ցույց տալ իրավիճակի ողջ լրջությունը: «Դա իմ կարծիքն էր, և եթե ոմանց դուր չի գալիս այդ կարծիքը, դա իրենց խնդիրն է, բայց երբ ես ցույց եմ տալիս մարդկանց անճարությունը, նրանք վիրավորվում են: Որպես իրավապաշտպան` ես գտնում եմ, որ այն իրավունքը, որ այս պահին իշխանությունը դրսևորում է քաղաքացիների նկատմամբ, դա արժանապատվությունը նվաստացնող է»,- ասաց նա:

 

Ըստ Արթուր Սաքունցի` այլ քաղաքական կոմնորոշում ունենալը նշանակում է համաձայնել երկրի բռնակցմանը և քաղաքացու սահմանադրական իրավունքների խլացմանը:

 

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը առնելու Պուտինի դեմը, իրավապաշտպանը պատասխանեց, որ դա արվելու է իրավական ու հասարակական տարբեր մեթոդներով, քաղաքացիական բողոքի ակցիաների միջոցով: «Ես դեմ եմ պուտինիզմին, Պուտինը բռնապետ է և չի կարող լավ վերաբերվել սեփական երկրի քաղաքացիներին, ուր մնաց` այլ երկրների քաղաքացիների»,- ասաց Արթուր Սաքունցը: