Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը առաջիկայում մտածում է հանրահավաքներ անցկացնել, սակայն դեռ հետևում է, թե ժողովուրդը որ քաղաքական ուժից ինչ է ակնկալում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրե, անշուշտ, համարում է ընդդիմադիր, քանի որ ինքը սուտ ընդդիմադիրների պես չի պայմանավորվել իշխանությունների հետ` դրա դիմաց Հյուսիսային պողոտայում բնակարան նվեր ստանալով:
Տիգրան Կարապետյանը հորդորում է ժողովրդին հավատալ միայն արդար քաղաքական ուժերին: Լրագրողների այն հարցին, թե ո՞րն է այդ արդար քաղաքական ուժը, նա պատասխանեց. «Մեր կուսակցությունը, իհարկե»:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` նա նշեց, թե գիտեր, որ Հովիկ Աբրահամյանին են վարչապետ նշանակելու: Նրա խոսքով` բարձր պաշտոնյաները մեկը մյուսին շանս են տալիս, իսկ Սերժ Սարգսյանը մտածում է իր 3 տարիների մասին, որ անփորձանք հեռանա: Ըստ Տիգրան Կարապետյանի` Հովիկ Աբրահամյանը եղել է փոխվարչապետ` 5 տարի անընդմեջ, նաև` այն ընտրական շտաբի ղեկավարը, որը միշտ կեղծել է ընտրությունները: «Իրենք իրենց համար են ճանապարհ հարթում, բայց ժողովրդի համար ոչ մի լավ բան չի արվելու, թեև ամեն ինչ ասում ու խոսում են ժողովրդի անունից: Նոր վարչապետն էլ ոչ մի լավ բան չի անի, հո չի՞ կիսվելու իր փողերով ժողովրդի հետ, իհարկե, նման բան չի անի»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ դրական փոփոխությունների հասնելու համար պետք է երկրի գլուխը փոխել, իսկ դրա համար պետք է լինի ոչ թե եռյակ կամ քառյակ, այլ բոլոր ուժերը պետք է միավորվեն, ստեղծեն ազգային ճակատ:
Նրա խոսքով` այսօրվա ընդդիմությունն էլ է իշխանության կողմից, իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին չի էլ ցանկանում մեկնաբանել, քանի որ, ըստ Կարապետյանի, նա զրոյական միջոց է: «Հիմա Արթուր Բաղդասարյանն էլ է ասում` ես ընդդիմություն եմ, ոնց որ ընդդիմությունը շանտաժի միջոց լինի: Բայց ո՞վ չգիտի, որ նա դավաճանել է»,- ասաց նա:
Խոսելով որոշ նախարարների նշանակման և վերանշանակման մասին, Կարապետյանը նշեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օահանյանին լավ է վերաբերվում, որովհետև նա արդար մարդ է, Դավիթ Հարությունյանը այլընտրանք է Հովիկ Աբրահամյանին, իսկ Էդվարդ Նալբանդյանը նախագահի մարդն է և անում է այն, ինչ նրան ասում է նախագահը: «Ես չեմ կարծում, որ մենք լավ արտգործնախարար ունենք, որ դեռ վերանշանակվել է: Կարծում եմ`ուժային կառույցները նույնը կմնան, իսկ մնացածներին կնշանակի Հովիկ Աբրահամյանը»,- ասաց նա:
Տիգրան Կարապետյանը չմոռացավ հիշեցնել իր ղեկավարած հեռուստաընկերության` ԱԼՄ-ի մասին: Նրա խոսքով` ԱԼՄ-ն փակեցին, որովհետև ասում էին, թե բոլոր հեռուստաընկերությունները պետք է թվային դառնան: «Բայց ո՞ր մեկը թվային դարձավ, չեք նկատե՞լ, որ այդ մրցույթն անցկացրեցին` ԱԼՄ-ն փակելու համար»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ էլ չի ցանկանում վերականգնել այդ հեռուստաընկերությունը: