Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի քարտուղարության պատվիրակության և ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշման հավելվածով հաստատված աշխատանքային խմբի անդամների հանդիպումները:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակիցները: Հայկական կողմի աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, իսկ Գլոբալ ֆորումի պատվիրակության ղեկավարն է Դոնալ Գոդֆրեյը, ով հանդիսանում է Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավարի տեղակալ:
Գլոբալ ֆորումը հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խումբն է, որի անդամ են հանդիսանում աշխարհի շուրջ 140 երկրներ: Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից հանդիսանում է Գլոբալ ֆորումի լիիրավ անդամ:
Գլոբալ ֆորումի պատվիրակության այցը նախատեսված է Գլոբալ ֆորումի` Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված աշխատանքների իրականացման ժամանակացույցով: Օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք վերաբերում են փաստացի սեփականատերերի մասին արժանահավատ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ կարգավորումների մշակման անհրաժեշտությանը, հարկային մարմնին բանկային գաղտնիքի հասանելիության խնդիրներին, հարկային մարմնի կողմից միջազգային պայմանագրերով սահմանված տեղեկությունների փոխանակման համար անհրաժեշտ կարողություններին, ինչպես նաև հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված քաղաքականությունների արդի միտումներին:
Հանդիպումները կշարունակվեն մինչև մայիսի 18-ը: