Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 1-8-ը Գյումրիում կանցկացվի «Դուետ» միջազգային թատերական առաջին փառատոնը, որն իրականացվում է «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ դեռեւս 2012-ին կար նման փառատոն անցկացնելու մտահղացում: Փառատոնի իրականացումը, ըստ Պողոսյանի, պրոբլեմատիկ եւ ռիսկային էր, քանի որ իրենք կարծում էին, որ փառատոնը նախպետք էր անցկացնել հանրապետական մակարդակով, հետո նոր միայն միջազգային դարձնել:
«Փառատոնը ստացել էր 25 հայտ` Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Ուկրաինայից, եւ արդյունքում ընտրվել է 20 հայտ: Յուրաքանչյուր ներկայացումից հետո լինելու է հեռուստատեսային քննարկում, որին կմասնակցի նաեւ հանդիսատեսը»,-ասաց Պողոսյանը:
Փառատոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանն էլ նշեց, որ Գյումրին անուն ունի, սակայն փառատոն չուներ, այդ պատճառով էլ որոշվեց, որ հենց այնտեղ է իրականացվելու փառատոնը. «Փառատոնը «պտիչկա» դնելու համար չէ անցկացվում, այն, իրոք, իրենից մեծ արժեք է ներկայացնում»:
Փառատոնի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը նշում է, որ իր համար փառատոնը սկսվում եւ վերջանում է այն տեղից, երբ դերասանները սկսում են փոխշփման մեջ մտնել, ինչն էլ «ապահովում» է «Դուետը»:
«Ես ընդունում եմ մոնոներկայացումները, բայց չէ՞ որ այնտեղ դերասանը միայն հանդիսատեսի հետ է շփվում, ինչի հետեւանքով էլ ներկայացումը պատմողական ոճի մեջ է մնում: Ես ուզում էի փառատոնի անունը «Տղամարդ եւ կին» դնել, սակայն պարզվեց ուրիշ ձեւաչափի ներկայացումներ էլ կան` տղամարդ-տղամարդ կամ կին-կին /Աստված հեռու պահի/»,- ասաց Ծատուրյանը:
Ըստ նրա` առավելագույն պրոֆեսիոնալությամբ են մոտեցել փառատոնին վերաբերող ցանկացած հարցի, քանի որ սա լուրջ փառատոն է լինելու: «Այս տարի գյումրեցիների հետ դժվար է լինելու խոսել ու շփվել` արդեն մշակութային մայրաքաղաքի բնակիչներ են դարձել, դրա համար էլ պետք է պրոֆեսիոնալ կերպով մատուցենք ամեն ինչ»,- կատակեց Ծատուրյանը:
Yerkir.am-ի հարցին, որ հայտնի ներկայացումների կողքին կան նաեւ ուսանողական ներկայացումներ, արդյո՞ք միտում ունեցել են նաեւ փառատոնի միջոցով ուսանողական լավագույն ներկայացումները ցուցադրել, Ծատուրյանը պատասխանեց` այո, քանի որ ուսանողները մեր վաղվա օրն են: «Եթե այսօր չմտածենք վաղվա մասին, կորած ենք: Դրա համար էլ մեծ տեղ ենք տալիս երիտասարդներին: Սա նաեւ հիանալի հնարավորություն է գյումրեցի երիտասարդների համար` տեսնելու, թե իրենց տարեկիցները ի՞նչ մտքեր ունեն, ի՞նչ մոտեցում այս կամ այն խնդրի հանդեպ եւ, վերջիվերջո, ուր է գնում այսօր թատրոնը»,- նշեց նա: