Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեկնարկեց «IDEAS» ներառական որոշումների հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա տարածաշրջանային ծրագիրը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ծրագրի նպատակն է ստեղծել համակարգ, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան իրենց խոսքն ասել ինչ-ինչ օրենքների ընդունման հարցերում. «Հույս ունեմ, որ այս ծրագիրը հնարավորություն կտա, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենք ներուժի վրա հենվեն եւ օգտագործեն այն»:
Սարիբեկյանի ներկայացմամբ` ծրագրի նպատակն է աջակցել ՏԻՄ-ին եւ քաղաքացիական հասարակությանը, որպեսզի միասին իրականացնեն որոշումների կայացման գործընթացը` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու կարիքները: Ըստ նրա` ծրագրի հաջորդ փուլի համաձայն` տեղի կունենա կոնֆերանս` Հորդանանում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ իր գոհունակությունն է հայտնում նման ծրագրի իրագործման համար, քանի որ այն անմիջապես անդրադառնում է այն խնդիրներին, որոնք առնչվում են ՏԻՄ-ի հետ: «Պետք է անենք ամեն ինչ, որ ծրագիրը հաջողություն ունենա: Կարեւոր է, որ ծրագիրն իրականացվում է այն պահին, որ ԱԺ-ն վավերացրեց այն օրենքը, ըստ որի` բնակչության մասնակցումը ՏԻՄ օրենքների ընդունմանը պարտադիր է»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի` ներառական առումով լուրջ խնդիրներ ունենք` ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նաեւ հասարակական կարծրատիպերի առումով, եւ համայնքներում պետք է կոտրել այդ կարծրատիպերը:
«Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն ուրախ է մասնակցել ծրագրին, որը բավական նորարարական լուծումներ է պահանջում: «Ամբողջ ծրագիրը համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց կարգախոսին` «Ոչինչ մեզ համար` առանց մեզ», որը, կարծես, վերջին շրջանում տարածում է գտել նաեւ Հայաստանում: Սակայն պետք է նշեմ նաեւ, որ որոշ դեպքերում դա ձեւական բնույթ է կրում»,- ասաց նա:
Ըստ Ալավերդյանի` ծրագրի կարեւոր մասերից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է, քանի որ, ՀՀ Սահմանադրության համաձայն, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքները, ինչ բոլորը: Սակայն, նրա հավաստմամբ, հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր առնչվում են բազմաթիվ խախտումների` աշխատանքային իրավունքից սկսած` մինչեւ տրանսպորտից օգտվելու հնարավորությունը:
«Ծրագրի կարեւոր կետերից մեկն էլ այն է, որ կառավարությունը պարտավորվում է հաշվետվություն ներկայացնել. որոշ պաշտոնյաներ սիրում են գեղեցիկ խոստումներ տալ` թե այսինչ խնդիրը կլուծվի, այնինչն արդեն իրականացնելու ճանապարհին է, բայց մենք ուզում ենք ռեալ փոփոխություններ»,- ասաց Ալավերդյանը:
Ծրագիրն իրականացվում է վեց երկրում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հորդանան, Լիբանան եւ Ուկրաինա: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Հայաստանում ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի եւ «Ունիսոն» ՀԿ-ի հետ համատեղ: