Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատագրված շրջանների վերաբնակեցման վերաբերյալ ԼՂՀ-ում գործող aparaj.am կայքին հարցազրույց է տվել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
- Պարո'ն Աղաբեկյան, կարելի՞ է ասել, որ ԼՂՀ վերաբնակեցումը օրակարգային հարց է իշխանությունների սեղանին: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս առումով:
- Լեռնային Ղարաբաղի իշխանությունները առկա մարտահրավերների շարքից թիվ մեկ մարտահրավեր են դիտարկում բնակչության թիվը, և նրա կայուն աճը: Բոլոր ժամանակներում Արցախի քաղաքական իշխանությունները տարբեր լուծումներ են առաջարկել այս խնդրի լուծման համար: Այսօրվա իշխանությունների քաղաքական կուրսը միտված է խթանելու բնակչության բնական աճը: Իրականացվում են տարաբնույթ ծրագրեր երիտասարդ զույգերին, բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար: Հաջողությամբ իրականացվում է ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը, որով ընտանիքում ծնված երրորդ և ավելի երեխաներին տրվում է միանվագ նպաստ, ինչպես նաև ծնված երեխաների անունով ավանդներ է ձևակերպվում, որի օգտագործման իրավունքը երեխային է, 18 տարին լրանալուց հետո:
Սակայն բնակչության թվի կայուն աճը բավարար չէ բնակչության արտահայտված աճ ապահովելու համար: Այն հնարավոր է միայն ճիշտ ներգաղթ կազմակերպելու միջոցով: Անհրաժեշտ է իրականացնել ինչպես վերաբնակեցման, այնպես էլ տարաբնակեցման ծրագրեր: Միաժամանակ մենք գիտակցում ենք սոցիալական և մշակութային խոչնդոտների առկայությունը նշված ծրագրերը իրականացնելու համար:
- Ի՞նչ ռեսուրսների և միջոցների հաշվին պետք է իրականացնել վերաբնակեցման քաղաքականությունը:
- Թիվ մեկ ռեսուրսը, որը հնարավորություն է տալիս առանց լուրջ սոցիալական խոչընդոտների իրականացնել վերաբնակեցում, դա մեր հողային ռեսուրսներն են Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում: Մենք հնարավորություն ունենք տարածքներ առաջարկելու ինչպես վերաբնակիչներին, այնպես էլ առանձին տնտեսություններին, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:
Հաջորդ պայմանը, որը մեզ հնարավորություն է տալիս իրականացնելու ներգաղթը, դա արտադրական նշանակության նոր աշխատատեղերի ստեղծումն է: ԼՂՀ օրենսդրությունը նպաստավոր և շահագրգռող է բիզնես կազմակերպելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Աստվածաշնչյան «Զավակիդ մեծացրու բարեբեր հողի վրա» արտահայտությունը իսկ ասված է Արցախի համար:
Սակայն բյուջետային սահմանափակ ռեսուսները բավարար չեն սոցիալական կարևորագույն մի այնպիսի խնդրի լուծման համար, ինչպիսին բնակարաններով կամ առանձնատներով ապահովում է: Այս խնդրի լուծումը հնարավոր է միայն ԼՂՀ անվտանգությամբ մտահոգ ողջ հայ ժողովրդի ուժերով:
Մեր ժողովրդին այս կարևորագույն խնդրի լուծմանը մասնակից դարձնելու համար ԼՂՀ կառավարությունը 2013 թվականին նախաձեռնել է Ազգային վիճակախաղ, որի առաջացած ողջ շահույթը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին:
Պետական վիճակախաղերը կազմակերպում են այն երկրները, որոնք ունեն սահմանափակ բյուջետային հնարավորություններ, կամ սահմանափակ բնական ռեսուրսներ, սակայն բնակչության շրջանում ունեն քաղաքական վստահություն:
Այսօր ԼՂՀ իշխանությունները ունեն բավարար քաղաքական վստահություն ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում և Սփյուռքում:
Համոզված եմ վիճակախաղը լինելու է հաջող և շարունակական:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում վիճակախաղի ընթացակարգը և ի՞նչ է խաղարկվելու:
- Վիճակախաղով խաղարկության է դրվելու Արցախում արտադրվող ապրանքների առավելագույն քանակություն. բնակարաններ Ստեփանակերտ քաղաքում, Արցախում արտադրված ձեռագործ գորգեր, տուրիստական ուղեգրեր դեպի Արցախ և այլն:
Վիճակախաղը խաղարկվելու է Արցախի համար խորհրդանշական օր՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին (Առաջին գերագույն խորհրդի ընտրություններ): Այն շրջանառության է դրվել մեկ այլ խորհրդանշական օր' Մայիսի 9-ին:
Յուրաքանչյուր հայ անկախ բնակության վայրից, պետք է գիտակցի, որ ձեռք բերելով վիճակախաղի տոմսը, իր մասնակցությունը կունենա Արցախի վերաբնակեցմանը: Առաջարկում եմ բոլորս գործի անցնենք:
Արցախում, Հայաստանում և Սփյուռքում բնակվող իմ հայրենակից, շտապիր ձեռք բերել 1 վիճակախաղի տոմս' վճարելով ընդամենը 2000 դրամ: