կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 19:16
Առանց Կատեգորիա

Երբ բոլորն այլևս իշխանություն են

Երբ բոլորն այլևս իշխանություն են

ԲՀԿ-ական պատգամավորները պարտավոր են դնել իրենց մանդատները և կորչել խորհրդարանից: Նույնը պարտավոր են անել Երևանի ավագանու անդամները: Նրանք բարոյական որևէ իրավունք չունեն տեր լինելու այդ թղթին, որ նրանց տվել է այս իշխանություններից ազատվել ցանկացող ՀՀ քաղաքացին: ԲՀԿ-ն այդ մանդատներին տիրացել է ամենաստոր խաբեությամբ՝ երեսանց ընդդիմադիր ձևանալով, իսկ տակից Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ համագործակցելով:

 

Գագիկ Ծառուկյանը ընտրեց Արթուր Բաղդասարյանի ուղին, և սա այլևս իրողություն է: Կարո՞ղ ենք ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը վերջնականապես հայտնի գործողությունը արեցին փայտիկին: Կարող ենք: Կարո՞ղ ենք պնդել, որ իմաստուն է ժողովուրդը, երբ ասում է՝ կարմիր կովն իր կաշին չի փոխի: Կարող ենք: Կարո՞ղ ենք, վերջապես կրկնել մեր այն խոսքը, որ ԲՀԿ-ն պարզապես եկավ մունդռելու ընդդիմադիր դաշտը, որի համար հազար ու մի պարսավանքի արժանացանք թունդ ու ըմբոստ, համարյա հեղափոխական ԲՀԿ-ականների կողմից: Կարող ենք: Բնականաբար, Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ: Բայց չմոռանանք՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, ուրեմն՝ Աստված ասաց: ԲՀԿ-ի կանոնն է սա: Հակառակվողներին՝ մտրակի հարված կամ անվճար գործուղում առյուծների վանդակ՝ իրենց ընտրությամբ:

 

Օսկանյան Վարդանի ձեռքից այս պահն շունն էլ հաց չի վերցնի: Այդքան ջարդված ու հուսահատված է մարդը: Մյուսների վիճակը բարվոք է, որովհետև հարմարվող են՝ գյադեք, էս կողմ անցեք, չէ, գյադեք, էս կողմն անցեք, ու թող մեկը փորձի չենթարկվել:

 

Գագիկ Ծառուկյանը զարմացել է լրագրողների անգիտության վրա՝ ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: Եվ իրոք: Ուրեմն իրոք հիմար էինք, որ կարծում էինք, թե Ծառուկյանն ուր որ է հաջորդ դաս է հրավիրելու և հայտնելու ընդդիմություն դառնալու մասին, նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, անզիջում պայքար է սկսելու ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ական անպտուղ այս իշխանության դեմ: Մենք՝ ոչինչ, իսկ որքա՞ն մարդ մեր պատճառով հավատաց այդ հիմարություններին ու 2012 թվականին իր ձայնը տվեց ԲՀԿ ցուցակին, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն էր գլխավորում, որքա՞ն մարդ հավատաց այդ հերյուրանքին ու ձայն տվեց Երևանի ավագանու ԲՀԿ-ական ցուցակին, որ Վարդան Օսկանյանն էր գլխավորում և խոսում էր ԲՀԿ-ի` ընդդիմություն անցնելու անհրաժեշտությունից: Այս կուսակցությանը, պարզապես, պետք է շիփ-շիտակ ուղարկել իր ստեղծողի գիրկը, պետք է խլել նրանց մանդատներն ու տալ ժողովրդին՝ չնայելով արդեն Ծառուկյանի այն սեթևեթանքին (նրան կոտրտվելն, ախր, իսկի չի սազում), թե ԲՀԿ-ն պատրաստ է ամեն ինչ անելու, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար լավ լինի: Ժողովրդին թշվառության դուռը հասցրած իշխանությունների հետ խաղեր տվողն ինչպե՞ս կարող է մտածել այդ ժողովրդի մասին, այդ նույն իշխանության հետ ահռելի կարողության տիրացած մի ողջ կուսակցություն ինչպե՞ս կարող է հրաժարվել այդ ամենից, ինչ է, թե իր ընտրողին բան է խոստացել: Հիմա ենք հասկանում, որ Սերժ Սարգսյանը դիտմամբ բարձրաձայնեց իր և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև կայացած զրույցն ու այդ զրույցի այն հատվածը, թե ինչ է սպասվում Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե նա չմնա իր չափի մեջ: Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու հասկացիր:

 

Ծառուկյանն իր համար ճիշտ հետևություն արեց այդ ամենից: Եվ հետևությունը սա էր: Երեք-չորս ընդդիմադիր կուսակցությունը բավական է՝ գտնում է Ծառուկյանը: Մեր կարծիքով՝ մեկն էլ բավական է, որ Գալուստ Սահակյանի հիշատակած հասարակությանը դուրս բերի Փոքր Մհերի քարից: Միայն թե այդ ընդդիմությունն իր դաշտից պետք է հեռացնի մոլախոտերը, մաքրի այն արթուրբաղդասարյանական, գագիկծառուկյանական, րաֆֆիհովհաննիսյանական, ինչու չէ, նաև լևոնտերպետրոսյանական հիշողություններից: Լևոն Տեր-Պետրոսյանին մեկ անգամ չներեցին, ու նա հեռացավ: Այսօր նա պարտավոր է շատ ավելի արագ հեռանալ: Այդ նա Րաֆֆի Հովհաննիսյանից (դեռ 2009-ին) և Գագիկ Ծառուկյանից (2011 թվականից սկսած) պայքարի մարտիկներ կերտեց: Նա այս ամենի համար դեռ պատասխան չի տվել:

 

Դե ինչ, կասեր ֆուտբոլային մեկնաբանը, խաղը վերսկսվում է նոր թափով: Գնդակը ընդդիմության դաշտում է: Այս դաշտի երեկվա խաղացողները, սակայն, թռել են, ու մնացել է միայն Դաշնակցությունը: Եվ սա նույնպես իրողություն է: Սպասենք նոր զարգացումների:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: