Այսօր ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը չկարողացավ անցկացնել կառավարության ներկայացրած երկու օրենք՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հանրապետական խմբակցությունում քվորում ապահովված էր, թեև չորս հանրապետական գործուղման մեջ էր` բացակայում էին: Նրանց ձայները, սակայն, չէին կարող ազդել քվեարկությունների վրա:
«Սա այն դեպքն էր, որ, այս երկու օրինագծերի հետ կապված, Հանրապետական խմբակցությունը չուներ քաղաքական որոշում, քանի որ երկու օրենքների հետ կապված խնդիրներ կային: Հանրապետականներն էլ հակասական ելույթներ հնչեցրեցին, առաջարկություններ ունեին: Եթե մենք ցանկանայինք անցկացնել այդ օրենքները` կարող էինք ընդմիջում վերցնել և ապահովել քվեարկությունը, բայց մենք քաղաքական որոշում չենք ունեցել, որովհետև լրացուցիչ քննարկման կարիք կա: Իսկ ծափ տվողները երկու պատգամավոր էին, որոնք ոչ մի գաղափար չունեին այս օրենքների մասին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ինքը դեմ է, որ կառավարությունը հրատապ կարգով բերում է օրինագծեր, իսկ ԱԺ-ն էլ հաճախ դակող մարմնի դեր է կատարում: Պատգամավորի համոզմամբ` ԱԺ-ն առողջ քննարկումների համար է, եւ անհրաժեշտության դեպքում օրենքները կարող են չանցնել` հետագա լրամշակման, հանձնաժողովներում քննարկելու նպատակով: