կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 11:35
Աշխարհ

Ասադը լուրջ ապացույցներ է պահանջում

Ասադը լուրջ ապացույցներ է պահանջում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ կառավարական զորքերը օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտակայքում քիմիական զենք չեն կիրառել, ինչպես պնդում է Արեւմուտքը: «Դրանում տրամաբանություն չկա»,- ասել է նա ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում:

 

«Հնարավո՞ր է, որ բանակը քիմիական զենք կիրառի այն գոտում, որտեղ ինքն է գտնվում, եւ որտեղ նրա զինվորները նույնպես տուժել են, ինչպես հաստատել են ՄԱԿ-ի տեսուչներ ռազմական հոսպիտալ այցի ժամանակ»,- նշել է Ասադը:

 

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները չեն կարող ապացույցներ ներկայացնել, որ քիմիական զենքը կիրառվել է պաշտոնական Դամասկոսի կողմից: «Մենք խնդրել ենք ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային գոնե մեկ ապացույց ներկայացնել: Նրանք դրան ընդունակ չեղան անգամ սեփական ժողովուրդների առջեւ»,- հայտարարել է Սիրիայի նախագահը` հավելելով, որ ով մեղադրում է, պետք է անպայման ապացույցներ ներկայացնի:

 

Ասադը զգուշացրել է, որ Սիրիային հարվածը կպայթեցնի մերձավորարեւելյան տարածաշրջանը: «Մերձավոր Արեւելքը վառոդի տակառ է, եւ այսօր դրան կրակ է մոտենում: Պայթյունից հետո բոլորը կկորցնեն իրավիճակի վերահսկողությունը»,- հայտարարել է նա:

 

Սիրիայի նախագահը դիմել է իր ֆրանսիացի գործընկերոջը եւ զգուշացրել, որ ֆրանսիական կառավարության քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: «Ֆրանսիացի ժողովուրդը մեր թշնամին չէ, սակայն քաղաքականությունը, որը վարում է ֆրանսիական կառավարությունը, թշնամական է Սիրիայի ժողովրդի նկատմամբ: Եվ որքան այդ երկրի քաղաքականությունը թշնամական լինի սիրիական ժողովրդի հանդեպ, նույնքան էլ այդ քաղաքականությունը վարող պետությունը կլինի Սիրիայի թշնամին»,- ասել է Ասադը:

 

Ի դեպ, փաստացի միաժամանակ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի իշխող վարչակազմի նկատմամբ եւ դրա դեմ կոալիցիա ձեւավորել: