կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 14:33
Իրավական

Նրանց միայն հետաքրքրում է 11 մլն-ի ճակատագիրը. փաստաբանն` ընդդեմ դատախազության

Նրանց միայն հետաքրքրում է 11 մլն-ի ճակատագիրը. փաստաբանն` ընդդեմ դատախազության

ՀՀ գլխավոր դատախազությունը հետաձգել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած և Վրաստանում կալանավորված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի միջնորդության քննարկումը: Նշենք, որ պաշտպանը դիմել էր դատախազությանը`  խնդրելով նախաքննություն իրականացնող մարմնին հանձնարարություններ տալ Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու մասին: Փաստաբանն իր միջնորդությունը հիմնավորել է մի շարք փաստարկներով` այդ թվում ներկայացնելով Գաբրիելյանի` ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» ընդգրկված հիվանդությունները: Դատախազությունը հետաձգել է միջնորդությունը` պատճառաբանելով, որ այն կքննարկվի Գաբրիելյանի` Հայաստան վերադառնալուց հետո:

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Սուրեն Գաբրիելյանին Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդագիր է ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարություն: Սակայն, փաստաբանի խոսքով, դատախազության նման մոտեցումը պայմանավորված է Գաբրիելյանի նկատմամբ յուրատեսակ հետաքրքրությամբ:

 

«Նրանց միայն հետաքրքում է 11 մլն եվրո գումարի ճակատագիրը, բայց այդ փողերը ձեռք են բերվել առքուվաճառքի արդյունքում` օրինական եղանակով, և ծախսվել են: Փաստորեն, իրենք թքած ունեն, որ կա կառավարության որոշում, որ հնարավոր է կալանավորը մահանա»,- ասաց նա և հավելեց, որ եթե գլխավոր դատախազը խոսում է օրենքից` պետք է կատարի նաև օրենքի պահանջները, այսինքն` Գաբրիելյանի հիվանդությունների առկայության դեպքում  նրա կալանքը փոխելու միջոցներ ձեռնարկի: Փաստաբանը հայտնեց, որ դատախազության որոշումը բողոքարկել է դատարանում:

 

Ի դեպ, պաշտպանը նաև նշեց, որ դատախազությունը մերժել էր Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ իր դիմումը: Ճարոյանի խոսքով` այն հարուցվել է դատավարական կոպիտ խախտումներով: Փաստաբանը սա ևս բողոքարկելու է դատարանում:

 

Լուսանկարն` aravot.am-ի