Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղի «Ցայգ» հեռուստաընկերությանը մարտի 15-ին հարցազրույց է տվել, որում իրեն հայտնի բառապաշարով բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալկասանյանի հասցեին եւ նրա կառավարման վերաբերյալ, միաժամանակ, արդարացրել իր ղեկավարած տարիների վերաբերյալ յուրաքանչյուր դժգոհություն:
Վարդան Ղուկասյանը նշել է, որ ինքը բանավեճի է հրավիրել Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս չի ներկայացել:
Ի պատասխան Վարդան Ղուկասյանի մեկնաբանությունների, անմիջապես հայտարարությամբ հանդես եկավ Գյումրու քաղաքապետի լրատվական ծառայությունը. «Սիրելի գյումրեցիներ, երեկ «Ցայգ» հեռուստատեսությամբ հեռարձակված «Իրականում» հաղորդաշարի հյուր, իրեն մեկ ոտանի ճարպիկ կերպար հայտարարող Վարդան Ղուկասյանը, սեփական շահադիտական նպատակներով աղավաղում է Գյումրու վարկանիշը և ստիպված ենք անդրադառնալ դրան:
Շուրջ 13 տարի մեր քաղաքի ղեկավար աշխատած անձի հայտարարություններին ու մտքի փայլատակումներին չենք պատասխանելու նույն ձևաչափով, և խնդիրը, բնականաբար, համարձակության կամ փաստարկների պակասը չէ, այլ ընդամենը կա երեք էական հանգամանք: Առաջին. Անլուրջ է մեկնաբանել մի մարդու ասածները կամ վիճաբանել մեկի հետ, ով պաշտոնապես ախտորոշված է որպես հոգեպես ոչ առողջ մարդ, և Գյումրու քաղաքապետը պարտավոր է հոգալ նրա բուժման մասին, որպեսզի սովորության համաձայն նա չխաբի իրեն բուժած արտասահմանյան հիվանդանոցներին, չվճարելով փախնի նրանցից և խայտառակի գյումրեցու բարի համբավը:
Երկրորդ. կա մի այսիպիսի ասացվածք. պետք չէ վիճել հիմարների հետ, նրանք սկզբից քեզ իջեցնում են իրենց մակարդակին, ապա հաղթում իրենց կենսափորձի շնորհիվ: Սամվել Բալասանյանի կենսափորձը թելադրում է ընդամենը արհամարհել այդ խեղկատակի ցնցումները, որը ձգտում է վերարտադրել խելառ Սարգիսի կերպարը, սակայն աղավաղում է անգամ այն, քանի որ ի տարբերություն Սարգիսի, որը բարի էր և ժողովրդից խնդրում էր մեկ ավելորդ աբասի, սա ժողովրդից հափշտակել է վերջին աբասին (քսան կոպեկ) և անսահման ագրեսիվ է, չի հանդարտվում, թալանելու մոլուցքով կուրացած մոռանում է, որ ամեն ինչ թալանել ու կերել է, և այդ պատճառով հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, լինել ողջախոհ, ողորմած կեղծանունով հերետիկոսին այսուհետ եթեր չտրամադրել, քանի որ դա իրեն նետում է պատրանքների գիրկը, սրացնում և աֆեկտի է հասցնում նրա ախտահարված երևակայությունը, անհնարին դարձնելով դևերը նրա ուղեղից քշելու և ապաքինելու փոքր հույսը:
Երրորդ. ամենակարևորը Սամվել Բալասանյանը հստակ գիտակցում է, որ այս ամենը պարզապես նպատակ ունի իրեն շեղել իր ստանձնած առաքելությունից, շենացնել մեր քաղաքը և հավուր պատշաճի կրել մշակութային մայրաքաղաք տիտղոսը: Սիրելի գյումրեցիներ, քաղաքապետը հավաստիացնում է Ձեզ, որ ոչ մի սադրանք իրեն չի կարող հանել հավասարակշռությունից և շեղել ուղուց, մենք միասին շարունակելու ենք կառուցել ու շենացնել մեր քաղաքը, այնպես ինչպես խոստացել էինք, անում ենք և պետք է անենք»: