կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 13:10
Հասարակություն

«Բոլոր հարազատները հրաժարվեցին, վաղը մենք կթաղենք սպանված կնոջը»․ Սամվել Բալասանյան. Aravot.am

«Բոլոր հարազատները հրաժարվեցին, վաղը մենք կթաղենք սպանված կնոջը»․ Սամվել Բալասանյան. Aravot.am

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Տեքստիլագործների թաղամասում մի քանի օր առաջ իր տան մեջ 28-ամյա տղամարդու կողմից 43-ամյա կնոջը ծեծելով դաժանաբար սպանելուն ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն, ասաց․ «Դաժան բռնությունները կարծես Գյումրու հետ են կապվում, մեկ այս պատմությունը, որ կնոջը սպանեց, երեխան էլ կյանքի ու մահվան կռիվ է մղում, մեկ Ավետիսյանների ընտանիքի դեպքը, դրանից հետո մեր հավաքարարի սպանությունը․․․Այս ամենն ազդում է բնակչության բնականոն կյանքի վրա…

Ես ողջունում եմ, որ երեկ կանայք կարողացան հավաքվել եւ բռնության դեմ նման երթ կազմակերպել Գյումրի քաղաքում։ Մենք ավանդույթներ ունենք, մենք ավանդապաշտ մարդիկ են, մենք ունենք անցած ճանապարհ, այս ամենը պիտի հաշվի առնել։

Ընտանիքը սրբություն է, ընտանիքի հետ պիտի վարվեն՝ պահպանելով մեր պատմական ավանդույթները։ Ընտանիքն ինձ համար սրբություն է, իմ ընտանիքը ինձ համար ամենակարեւոր դերակատարումն ունի իմ կյանքում, եւ դա պիտի բոլոր հասկանան, որ ընտանիքում չի կարող լինել նման բաներ՝ բռնություն։ Փաստն այն է, որ ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի Հանրապետությունում շատ նման դեպքեր կան, դրանք բնականաբար, դատապարտելի են։ Ես բռնությունները դատապարտել եմ, երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էի։

Ես այն ժամանակ էի առաջարկում, թե եկեք բռնությունների դեմ օրենք մտցնենք։ Լավ է, որ այսօր նման օրենք մտցվեց, առաջին ընթերցմամբ անցավ օրենքը՝ բռնության հետ կապված»։

Մենք քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ կհանձնեն մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների հսկողության տակ գտնվող 12-ամյա աղջկա խնամակալությունը, որին ոչ մի հարազատ տեսակցության անգամ չի գնացել։

Սամվել Բալասանյանն ասաց, որ այսօր տեղի է ունեցել Գյումրու խնամակալության եւ հոգաբարձության առաջին նիստը։

«Այսօր անցկացրեցինք նիստը, արդեն իսկ զեկուցել են ինձ, քանի որ ո՛չ հայրը կա, ո՛չ մայրը, երեխաները երկկողմանի ծնողազուրկ դարձան, խնամակալության կարիք ունեն, չնայած եղբայրը սեպտեմբերին կդառնա չափահաս՝ 18 տարեկան։

Ճիշտն ասած, այս պահին մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ խնամակալ, բայց տեսնենք ինչպիսի ընթացք կունենա։ Այսինքն` առաջին քայլը քաղաքապետարանի կողմից արդեն հանձնաժողովով կատարված է, իրենց ճանաչել են որպես խնամակալության կարիք ունեցող երեխաներ։

Ինձ ասացին՝ կան մարդիկ, որոնք զանգել են, հետաքրքրվել, ուզում են դառնալ խնամակալներ, բայց հիմա մենք պատրաստվում ենք հուղարկավորել այդ կնոջը, որովհետեւ բոլոր հարազատները հրաժարվեցին, բայց մենք ունեն նման ծառայություն, անպայման կկազմակերպենք այդ կնոջ թաղումը վաղը։ Հիմա բարեկամների հետ ենք խորհրդակցում, թե որ գերեզմանատանը հուղարկավորենք, եթե չէ, մենք տեղ ունենք, կտանենք, կթաղենք»,- ասաց Սամվել Բալասանյանը։