Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից Սահմանադրական դատարան դիմելն էական էր ոչ թե կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելուն հասնելու, այլ սկսված շարժմանը իրավա-քաղաքական բովանդակություն հաղորդելու տեսանկյունից:
«Ժառանգություն»-ը ՍԴ-ում հարցի քննարկումներից լուրջ ակնկալիքներ չի կարող ունենալ, և դա պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Նախ` պետական այս առանցքային կառույցն ընտրական պրոցեսների վիճարկման առումով իր գոյության ողջ ընթացքում իշխանական կոնյունկտուրայի շահերի սպասարկման սահմաններից երբեք դուրս չի եկել: Միակ դեպքը, երբ ՍԴ-ն փորձեց փոքր-ինչ ինքնուրույնություն դրսևորել, եղավ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ, փաստացի վավերացնելով հանդերձ Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունը, ՍԴ-ն նաև առաջարկեց վստահության հանրաքվե անցկացնել: Եվ այդ միակ բացառությունը ՍԴ-արեց` դուրս գալով իր իրավասություններից, որովհետև այն առաջարկություններով հանդես գալու լիազորություն ուղղակի չուներ: Եվ հիմա որևէ հիմք չկա կարծելու, որ այս անգամ ՍԴ-ն վարվելու է այլ կերպ:
Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ «Ժառանգությունը» ՍԴ է դիմում չափազանց թույլ փաստական հիմքով, որոնցով գործնականում հնարավոր չէ ապացուցել ընտրությունների կեղծվածությունը այնպիսի մասշտաբով, որ արդյունքները չեղյալ հայտարարելուց զատ այլ տարբերակ չքննարկվի: Ըստ էության` առավելագույնը, ինչի կարող է հավակնել «Ժառանգությունը», քվեարկության արդյունքների վերանայումն է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար, այսինքն` Սերժ Սարգսյանի անվան դիմաց դրված քվեները գոնե 9 տոկոսով նվազեցնելը: Բայց անգամ սրան չափազանց դժվար, եթե չասենք գործնականում գրեթե անհնար է հասնելը: Պատճառը, ոչ թե այն է, որ ընտրությունները չեն կեղծվել, կամ որ անցկացվել են դարի լավագույն ընտրությունները, այլ որովհետև դրանց արդյունքների բողոքարկման համար փաստա-իրավական բազան ձևավորելու ուղղությամբ հենց սկզբից «Ժառանգությունը» գրեթե ոչինչ չձեռնարկեց: Այն անգամ չէր կարողացել բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի և վստահված անձանց անհրաժեշտ քանակ ապահովել, էլ ուր մնաց ընտրախախտումներն արձանագրելու, արգելելու հարցում նրանցից հետևողականություն և վճռականություն պահանջեր և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացներ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը խոստովանեց, որ ինչպես հանձնաժողովներում մնացած կուսակցությունների ներկայացուցիչներից շատերը, «վաճառվել» են նաև բուն «Ժառանգության» ներկայաւցուցիչներից շատերը: Իսկ պայմանավորված էր նրանով, որ ինչպես բոլորի, այնպես էլ «Ժառանգության» համար էր անակնկալ ընտրողների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին այսքան թվով ձայն տալը: Բոլորը համակերպվել էին կանխորոշված ելքով ընտրությունների մտքի հետ և ընդհուպ մինչև քվեաթերթիկների հաշվարկի ավարտը առաջնորդվել հենց այդ մտայնությամբ:
Այս իմաստով 2013-ի ընտրությունները լրջագույն դաս էին բոլոր այլընտրանքային ու ընդդիմադիր ուժերի համար` հասկանալու վերջապես, որ անկախ նրանից` որքանով և ինչ ֆորմատով են ներգրավված ընտրական գործընթացի մեջ, պրոցեսի ողջ ընթացքի քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունը պետք է ապահովվի առանց վերապահումների ու երկմտանքի և որ դա բոյկոտելու բան չէ ընդհանրապես: Ըստ այդմ` սա ոչ այնքան «Ժառանգության», որքան ողջ ընդդիմադիր դաշտի բացթողումն ու սխալն էր: Հետևաբար` այս ընտրություններից հետո քաղաքական ուժերի հիմնական օրակարգային հարցերից մեկը պետք է դառնա ընտրությունների ընթացքի արդյունավետ վերահսկման մեխանիզմների մշակումը: Առավել ևս, որ արդեն գրեթե ամբողջությամբ պարզ է, թե ինչ տեխնոլոգիաներ էին կիրառվել` նման պատկեր ստանալու համար:
Որքան էլ միջազգային դիտորդները քաղաքականացված ու ոչ օբյեկտիվ գնահատականներ հնչեցրեցին ընտրություններն իրենց կողմից լեգիտիմացնելու համար, սակայն մասնավորապես ԵԱՀԿ հետընտրական երկու զեկույցները պարունակում են գործադրված այդ մեթոդները մերկացնող մեկնաբանություններ, նույնիսկ կարելի է ասել` ուղղակի մեղադրանքներ, որոնք գործող իշխանության կողմից պետական իշխանությունը յուրացնելու կամ բռնազավթելու ակնհայտ ակնարկներ են պարունակում: Մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ զեկույցում հստակ նշվում է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ արձանագրվել է քվեարկությանը միջին ցուցանիշների համեմատ հսկայական շեղումներ ունեցող մասնակցություն, նույնպիսի անոմալ շեղումներով հաղթանակ է արձանագրվել գործող նախագահի օգտին:
Ակնարկն ավելի քան պարզ է` նման մասնակցությունը վարչական ու տարատեսակ այլ ռեսուրսների շահագործմամբ ապահովվել է հենց գործող նախագահի վերընտրությունն ապահովելու համար: «Կապ կա ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի եւ գործող նախագահի ձայների մեծ քանակի միջեւ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական ամբողջ գործընթացի նկատմամբ»,- ասվում է այդ զեկույցում, որի մասին հպանցիկ անդրադարձ կար նաև ԵԱՀԿԺՀՄԻԳ առաջին զեկույցում: Հենց դրանց հիման վրա ԱՄՆ պետքարտուղարությունը փետրվարի 20-ին, քվեարկությունից ընդամենը երկու օր անց, ի դեմս մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդի, հայտարարեց. «ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդները նաև մտահոգություն են հայտնել որոշ խնդիրների վերաբերյալ` կապված մի շարք պաշտոնատար անձանց անկողմնակալության և վարչական ռեսուրսների չարաշահման հետ, որը ջնջել է պետության և իշխող կուսակցության միջև սահմանները»։ Սա բացահայտ մեղադրանք է իշխող կուսակցությանը և մեղադրանք է, ոչ ավելի, ոչ պակաս, իշխող կուսակցության կողմից իր իշխանությունը պահելու նպատակին պետական ռեսուրսները ծառայեցնելու, այսինքն` իշխանությունը վերագրավելու մեջ: Սրանից ընտրությունների օրինականությունը առնվազն կասկածի տակ դնող ավելի լուրջ մեղադրանք, ուղղակի չի կարող լինել: Ընդ որում` հայաստանյան իշխանություններն այս ծանրագույն մեղադրանքներին առ այսօր որևէ մակարդակով դեռևս չեն արձագանքել` չնայած ընտրությունների լեգիտիմությունը բացատրելու համար յուրաքանչյուր պատեհ կամ անպատեհ առիթով հենց միջազգային դիտորդների կարծիքներն են վկայակոչում:
Ընդդիմությունն իր հերթին դեռևս որևէ անդրադարձ դրան չի կատարել: Մինչդեռ եթե փորձեին միայն այս գնահատականը հիմնավորող փաստական բազա ձևավորել, ոչ միայն ընտրությունների արդյուքները չեղյալ հայտարարելու, այլև իշխանության յուրացման հատկանիշներով քրեական պատասխանատվությա ենթարկելու խնդիր կարող էր առաջանալ: Չի կարելի բացառել, որ դիտորդների և ԱՄՆ պետքարտուղարության այս գնահատականի կապակցությամբ իշխանությունը նախընտրում է մարտական լռություն պահպանել հենց այդ ամենացավոտ վերքին աղ չլցնելու և ջինին «լամպից» հանկարծ դուրս չթողնելու համար:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ