Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ilur.am-ին տված հարցազրույցում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «Եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին»։ Եվ որ «Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով»:
Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այս հայտարարությանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ նույն Տեր-Պետրոսյանն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունն այլեւս անշրջելի ու կանխորոշված է՝ անկախ ՀՀ իշխանությունների կամքից:
«Իսկ այսօր ասում է, որ հետաձգման պատճառը ՀՀ-ն է»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ հարցազրույցի սկզբում էլ ասում է, թե ամբողջովին ինֆորմացված չէ, բայց հետո էլ հայտարարում է, թե իբր կտրուկ պայման է դրվել՝մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով:
Հարցին, թե, այդուհանդերձ, ինչո՞ւ է ձգձգվում անդամակցության հարցը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե որեւիցե մեկը դրա մասին չի խոսել, հանրության հետ քննարկում չի եղել, ապա թողնենք բանակցողներին, թե պատճառն ինչն է, ինչու է հետաձգվում, եկեք այս պահին մի կողմ դնենք»:
«Անդամակցության դեպքում հնարավո՞ր է մաքսակետի տեղադրում» հարցին էլ, Սահակյանը պատասխանեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում եւ չի կարող ուղիղ պատասխանել հարցին: «Կան մի շարք խնդիրներ, կան մի շարք՝ մինչեւ վերջ չքննարկված հարցեր, որոնք այս պահին քննարկման փուլում են եւ գտնվում են բանակցությունների սեղանին: Սպասվում է երկու երկրների նախագահների հանդիպումը, որից հետո էլ, կարծում եմ, հստակություն կմտնի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե, ըստ Հովիկ Աբրահամյանի, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը կկայանա հոկտեմբերին, Սահակյանն արձագանքեց, որ «Աբրահամյանը, լինելով վարչապետ եւ հանդիպելով Մեդվեդեւի հետ, ավելի լավ է ինֆորմացիային տիրապետում եւ կարող է նման բան ասել»: