կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 12:20
Առանց Կատեգորիա

''Բարգավաճող'' դասալքություն

''Բարգավաճող'' դասալքություն

ԱԺ էթիկայի հանձնաժողովը փետրվարի 11-ին քննության առավ և, ի վերջո, մերժեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված դիմումը թվով 83 պատգամավորների պահվածքը էթիկայի ընդունված նորմերի խախտում համարելու մասին: Հիշեցնենք` խոսքը վերաբերում է 2012թ. նոյեմբերին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին` խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող 83 պատգամավորների չներկայանալուն և այդպիսով այն միտումնավոր տապալելուն:

 

Հանձնաժողովի 7 անդամներից նիստին մասնակցել են 6-ը. ներկա չի եղել միայն ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Դիմումին ընթացք չի տրվել, որովհետև դրա մասին որոշման քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայները հավասարաչափ կիսվել են` երեք «կողմ» և երեք «դեմ»: «Կողմ» են քվեարկել ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի ներկայացուցիչները, իսկ ՀՀԿ-ի երկու անդամները, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, դեմ են եղել: Ըստ էության` վճռական նշանակություն է ունեցել ԲՀԿ ներկայացուցչի` Վահան Բաբայանի` «դեմ» քվեարկելը: Եթե նա չմասնակցեր քվեարկությանը կամ գոնե ձեռնպահ արտահայտվեր, որոշումն ընդունվելու էր 3-ը 2-ի հարաբերակցությամբ, և հանձնաժողովն ստիպված էր լինելու անդրադառնալ մեծամասնության պատգամավորների կազմակերպված դեմարշը հակաէթիկական ճանաչելու հարցին:

 

Փաստացի այդ պահին ԲՀԿ ներկայացուցիչն արել է այն, ինչ սովորաբար ՀՀԿ-ն ակնկալում է իր կցորդը հանդիսացող ՕԵԿ-ից: Մինչդեռ նոյեմբերին արտահերթ նիստը ԱԺ ընդդիմության հետ միասին նախաձեռնել էր նաև ԲՀԿ-ն: Ավելին` այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, կազմակերպված կերպով քվորում չապահովելով, տապալեց այդ նիստը, ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ միասին ԱԺ-ի առջև պիկետ կազմակերպեց, որի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նույնիսկ հայտարարեց, թե այսպիսով ոչ իշխանական ուժերի մոտ ձևավորվում են ընդհանրական մոտեցումներ հետագա անելիքների շուրջ: «Անհրաժեշտ է, որպեսզի մեր նեղ կուսակցական, անձնական շահերը մի կողմ դնենք, համախմբվենք»,- ավելացրել էր նա: Դրանից հետո ԲՀԿ-ի մի քանի պատգամավորներ նույնիսկ միացան նիստի կազմակերպված տապալումը հակասահմանադրական ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու` ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին:

 

Վահան Բաբայանի քվեարկությունը սկզբունքորեն էր հակասում ԲՀԿ-ի` ի սկզբանե որդեգրած դիրքորոշմանը: Բայց քանի որ սա այն հարցը չէր, որ Բաբայանն ինքնագլուխ որոշումներ կայացներ, այսինքն` պարզ է, որ նա արտահայտում էր ողջ խմբակցության դիրքորոշումը, ապա կարելի է համարել, որ ԲՀԿ-ն ուղղակի իրեն դասալքություն է թույլ տվել` «մեր խոսքը գործ է» տիպիկ բարգավաճական սկզբունքին համահունչ:

 

Իսկ դասալքության համար ԲՀԿ-ն ուներ շատ «հիմնավոր» երկու պատճառ: Նախ` ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն տեղում դոփող կուսակցություններից չէ: Այն շարժվում է ժամանակի պահանջներին և դրանց դինամիկ փոփոխություններին համարժեք: Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն միանում էր արտահերթ նիստ, հետո պիկետ կազմակերպելու, դրանից հետո էլ ՍԴ դիմելու նախաձեռնություններին, նրանք դեռ չգիտեին, որ Գագիկ Ծառուկյանն իր խոստացած հաջորդ դասն այդպես էլ չի սկսելու և նախագահական ընտրություններին չի առաջադրվելու: Ուստի ԱԺ քաղաքական փոքրամասնությանը սեփական դրոշի տակ հավաքելու հարցը դեռ խիստ արդիական էր, և ընդառաջելով փոքրամասնության նման նախաձեռնություններին` ԲՀԿ-ն նրանց մոտ վստահություն առաջացնելու խնդիր էր լուծում: Հիմա նման դերասանությունների անհրաժեշտությունը չկա: Ընդհակառակը` ԲՀԿ-ի համար հիմա արդեն նույնքան ակտուալ է իշխանության մոտ վստահություն առաջացնելը կամ ավելի ճիշտ` մուրալը: Դրա համար էլ, չնայած հայտարարվել էր նախագահական ընտրություններում առաջադրված որևէ թեկնածուի, այդ թվում` նաև գործող նախագահին չսատարելու մասին, սակայն կուսակցության ղեկավարությունը քիչ է մնում խրախուսական պարգևատրումներ սահմանի անհատական կարգով իր առանձին անդամների, իր քվոտայով քաղաքապետեր ու պատգամավորներ դարձածների կողմից Սերժ Սարգսյանին աջակցելու հրապարակային հայտարարությունների համար: Եվ դա նրանց համար ոչ թե անողնաշարություն է, ինչպես կարող են կարծել ԲՀԿ-ի լավը չուզողները, այլ շուստրիության աստիճանի «ճկունություն»: Այն դեպքում, երբ ԲՀԿ ամենաֆանտաստիկ հակասական դրսևորումների համար մշտապես հիմնավորումներ գտնող կուսակցության մամուլի խոսնակը հայտարարում է, թե իրենք մշտապես պատրաստ են իշխանության հետ համագործակցության, ընդհուպ իր կողմից չսիրված կոալիցիոն ձևաչափով, ԱԺ էթիկայի հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամից ավելին հնարավոր չէր սպասել:

 

Բայց խնդիրը միայն «հինգ պակաս» կոալիցիոն տրամաբանությամբ գործելը չէ: Ինչպես հայտնի է, ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթում է գտնվում նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գործը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հրապարակված այն հայտնի հեռախոսազրույցին, որի ժամանակ պատգամավորն ակամա խոստովանում է անձնապես գործարարությամբ զբաղվելու մասին, մինչդեռ Սահմանադրության 65-րդ հոդվածը դա արգելում է ուղղակիորեն: Եթե հանձնաժողովը գործի քննության արդյունքում հանգի այն եզրակացության, որ նա իսկապես խախտել է Սահմանադրությունը, ապա նրա պատգամավորական գործունեությունը դադարեցնելու հարցը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, կարող դրվել ԱԺ-ում, և նա, ի վերջո, կորցնի պատգամավորական մանդատը: Այլ կերպ ասած` Մելքումյանի, դրանով հանդերձ` ԲՀԿ-ի հեղինակության հարցն ամբողջությամբ կախված է ԱԺ մեծամասնության տրամադրությունից: Եվ չի կարելի բացառել, որ ԱԺ մեծամասնության ու ԲՀԿ-ի միջև այս հարցում տեղի է ունեցել կամ ունենում ուղղակի կամ անուղղակի գործարք` «մենք ձեր օգտին, դուք` մեր» նշանաբանով:

 

Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀՀԿ-ն գոնե էթիկայի հանձնաժողովի շրջանակներում ԲՀԿ-ի ականջներից բռնած ցանկալի ուղղությամբ քարշ տալու հիանալի շանս է ստացել, և այս առումով բալանսը հանձնաժողովում արդեն իսկ խախտվել է: Այնպես որ` ո'չ ՀՅԴ-ն, ո'չ էլ ԱԺ փոքրամասնությունն ընդհանրապես ԲՀԿ-ից նեղանալու բան չունեն: Այն գործում է իր բնույթին համապատասխան, անում է այն, ինչ արել է միշտ և առավել քան հասկանալի հուշում է, որ իր վրա երբեք չի կարելի վստահորեն խաղադրույք կատարել:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Հ.Գ. Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընտրություններում չառաջադրվելու մասին, այս կուսակցությունն սկսեց իր ձախողման մեղքը բարդել պոտենցիալ գործընկերների, ԱԺ փոքրամասնության վրա` մեղադրելով իշխանությունների հետ համաձայնությունների ձեռքբերման և Ծառուկյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան կանխելու մեջ: Վերջապես ամեն ինչ իր տեղն է ընկնում. նույնիսկ ԲՀԿ-ականները հրաշալի գիտեն, թե առաջինն ով է բղավում` բռնեցեք գողին: