Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածուները, ովքեր նախընտրական ծրագիր են ներկայացրել հանրությանը, դրանցում, բնականաբար, բանակին ու ազգային անվտանգությանը նվիրված դրույթներ ունեն:
Անդրիաս Ղուկասյանն, օրինակ, քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է համարում ստեղծել ամբողջովին պրոֆեսիոնալ բանակ, ստեղծել ազգային գվարդիա` որպես զինված ուժերի մշտապես գործող պահեստազոր, կազմակերպել զենքի ու զինամթերքի հայրենական արտադրություն:
Իսկ մարտական պատրաստության տեսանկյունից, Ղուկասյանը կարեւորում է, որ բոլոր առանցքային զինվորական պաշտոնները` զրահատեխնիկայի, հրետանու, ռբմբակոծիչների, հակատանկային համակարգերի անձնակազմերը, ՀՕՊ համակարգը եւ այլն պետք է համալրվեն պայմանագրային հիմունքներով ներգրավված ռազմական մասնագետներով: Նաեւ, բացառապես պայմանագրային հիմունքներով, պետք է համալրվեն սերժանտական պաշտոնները: Սերժանտական ինստիտուտի դերը պետք է էապես ամրապնդել: Սերժանտական կազմի հեղինակությունը բարձրացնելու նպատակով պետք է ստեղծել ԶՈւ գլխավոր սերժանտի պաշտոն:
ՀՀ գործող նախագահը, ասել է թե` ԶՈւ գերագույն գլխավոր գործող հրամանատար Սերժ Սարգսյանն էլ իր ծրագրում նշում է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չզբաղվեն հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, շարունակվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թվում` հայրենական արտադրության:
Ըստ այդմ` առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն հետախուզության, դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման եւ խոցման միասնական համակարգեր: Այս ամենում իր կարեւորագույն դերն է ունենալու ժամանակակից և կենսունակ հայրենական ռազմարդյունաբերական համալիրը, որի մշտական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում: Սերժ Սարգսյանը խոստանում է անել այնպես, որ անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չունենան ՀՀ զինված ուժերում: Իսկ զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ:
Նրա ծրագրով` մեծ տեղ կհատկացվի բանակը գրագետ մասնագետներով համալրելու գործին` ստեղծվելու է Հայաստանի կարիքներին համապատասխանող ուրույն ռազմակրթական համակարգ, որն ունակ է լինելու փակ շրջափուլով ապահովել բոլոր կատեգորիաների սպայական ու սերժանտական կադրերի պատրաստման մեր կարիքները:
Արման Մելիքյանը կոնկրետ ծրագիր այս ուղղությամբ չի ներկայացնում: Նրա ծրագրում միայն նշվում է` «որակյալ արտադրանքի սպառումը երկրի պաշտպանունակության, նրա անկախության, պետական եւ տարածքային ամբողջականության ապահովման գործում երաշխավորում է պաշտպանական գործառույթների, զինվորական ծառայությունների, կիրառվող տեխնիկայի եւ տեխնոլոգիաների հուսալիությունն ու արդյունավետությունը»:
Հրանտ Բագրատյանն, իր «ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտ` 10 սկզբունքային հարց» դրույթներում նշում է, որ պետք է ներդնել պարտադիր վճարովի զինվորական ծառայության համակարգը` զինվորի համար նախատեսելով 20%-ով ավելի միջին աշխատավարձ, քան պետական հատվածի միջին աշխատավարձը: Նրա համոզմամբ` այս խնդիրը կարելի է լուծել 4 զորակոչի ընթացքում` սկսած 2015-ից: Նա համարում է, որ վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի շչջանում (կամավոր զինվորական ծառայություն): Արդյունքում բանակում` կանացի գնդերում, ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրում ասում է, որ ՀՀ ազգային անվտանգությունը պետության, քաղաքացիների համար ցանկացած սպառնալիքից ու վտանգից զերծ ներքին ու արտաքին միջավայրերում լիարժեք գործելու ազատությունն է, որն ապահովելու համար անվտանգության ճկուն համակարգի ձեւավորումը հրատապ է:
Իր «մարտական» դրույթներում Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագրում է բանակում կատարված հանցագործությունների ու չարաշահումների բացահայտում ու դրանց կանխարգելում, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտում, օրինախախտ հրամանատարների, ինչպես նաեւ 2008թ. մարտի 1-2-ին բանակը քաղաքականության մեջ ներքաշած պաշտոնյաների պատասխանատվության հարուցում: Ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության բյուջետային ֆինանսավորման էական ավելացում` արտաքին հետախուզության եւ հակահետախուզության մասով: Նրա ծրագրում կան բազում այլ դրույթներ ու կետեր, սակայն այս ծրագիրը եւս ավելի շատ նման է ցանկությունների մատյանի:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ