Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի մասնակիցների շրջանում մարդկային կորուստներ դեռ չունենք: Բոլորն իրենց տեղում են, սակայն կան որոշ սպասումներ, որ այդ թիվը՝ 8, կարող է փոփոխության ենթարկվել: Մասնավորապես` փետրվարի 8-ին ինքնաբացարկ տալու և պայքարից դուրս գալու մասին է հայտարարել Արամ Հարությունյանը: Նա, ի դեպ, դիմել է Սերժ Սարգսյանին՝ վարվել նույն կերպ և արբիտրի դեր ստանձնել առաջիկա ընտրություններում՝ ապահով Հայաստանի փոխարեն ապահով ծերության հեռանկար ստեղծելով իր համար:
Քարոզարշավին իր մասնակցությունը բոլորովին ընդհատել է Արման Մելիքյանը, բայց դժարացել է ասել՝ ինքնաբացարկ կտա՞, թե՞ չի տա: Բանն այն է, որ ոստիկանության համապատասխան ծառայություններն այդպես էլ ցանկություն չհայտնեցին զբաղվել օդում կախված 200-300 ընտրողների հարցով: Արման Մելիքյանը խիստ անհանգստացած է, որ միայն այդ քանակի ընտրողներն արդեն բավական են՝ անհաղթահարելի ֆորա ապահովելու Սերժ Սարգսյանի համար:
Հայրիկյանը քարոզարշավի երկրորդ օրն աչքի ընկավ իր հումանիզմով և մեծական խորհուրդներով: Չցանկանալով հետ մնալ Րաֆֆի Հովհաննիսյանից՝ նա հայտարարեց, որ անպայման այցելելու է հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանին և հարկ եղած դեպքում մի քանի օր հացադուլ է անելու նրա հետ: Իսկ ահա Էպոսագետ Վարդան Սեդրակյանին Հայրիկյանը խորհուրդ տվեց մի քիչ էլ ժամանակակից պատմություն ուսումնասիրել և սխալ-մխալ բաներ չխոսել Հայրիկյանի անցած ճանապարհի մասին: Խոսքը մեր մեջ՝ Հայրիկյանը մի քիչ խառնում է իր անցած ուղին և այսօրվա կեցվածքը: Ըստ մեզ՝ դրանք միանգամայն տարբեր բաներ են, որոնք նույնիսկ էպոսագետի անզեն աչքով կարելի է նկատել:
Ինչևէ, քարոզարշավի երկրորդ օրը ամենահաջողներից էր Անդրիաս Ղուկասյանի համար: Նա, կարծես, վերածվում է ամենատեսարժան թեկնածուի, որի մոտ, եթե մարդ ենք, պետք է գնանք բոլորս ու մեր զորակցությունը հայտնենք՝ լինենք նախագահի թեկնածուներ, գործող նախագահ, թե ՀՀ հասարակ քաղաքացիներ: Պետք է ամեն ինչ անել, որ նա դադարեցնի գործա… ներողություն, հացադուլն ու գործով զբաղվի, այսինքն՝ ծրագիր ներկայացնի, եթե, իհարկե, մտադիր չէ գնալ Արամ Հարությունյանի ճանապարհով:
Իսկ էպոսագետ Վարդան Սեդրակյանը կայցելի՞ Անդրիաս Ղուկասյանին, որի մոտ այս օրերին խորովածից խոսելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հա, ի դեպ՝ Վարդան Սեդրակյանի մուննաթ-զուննաթով խոսելը շատերի դուրը չի գալիս: Ի՞նչ է նշանակում՝ ես մի քիչ կսպասեմ, մինչև Սերժ Սարգսյանի դրածոներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը բարելավեն իրենց դիրքերը: Այսինքն՝ մի քիչ հավասարվեն իրե՞ն: Ինչպիսի մեծամտություն: Թեև ի՞նչ կարող ես ասել մի մարդու, ով կարծում է, թե չի հաղթի միայն այն դեպքում, եթե մեռած լինի:
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրվա անդորրը, Քիմ Քարդաշյանի հղիության ընթացքի մասին հաղորդագրությունից բացի, խառնեց նաև Լիպարիտիելի ազգանունով մի վրացի լրագրող, ով ուկրաինական թերթերից մեկին հարցազրույց էր տվել, թե Դեդ Հասանի սպանության մեջ մեղավոր է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով վերջերս Երևանում էր: Չխորանալով Քարդաշյանի հղիության ընթացքի և վրացու հարցազրույցի մանրամասների մեջ՝ ասենք, որ վաղը բացվելու է նախագահական քարոզարշավի երրորդ օրը:
Առաջին տեղի համար պայքարող Սերժ Սարգսյանի և երկրորդ տեղի հավակնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրարշավի ընթացքի մասին մենք կխոսենք հաջորդիվ, եթե, իհարկե, այդ թեկնածուները անջատած չլինեն հեռախոսները կամ չգտնվեն ռադիոծածկույթից դուրս, ասենք՝ Սուրիկի անառիկ մարզում կամ հայոց ձյունածածկ լեռներից մեկի դոշին:
Այս պահի դրությամբ լուր չունենք միայն Բագրատյանից: Բայց նա էլ մի տեղից կառկայծի, ո՞ւր պետք է փախչի:
Էդիկ Անդրեասյան