կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 14:51
Իրավական

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` Արշակ Վարդանյանի նախագահությամբ,  շարունակվեց «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ» և «Նարեկ-Գրադ» ՍՊԸ-ների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի քրեական գործի դատաքննությունը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր, վերոհիշյալ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով, բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ 10.202.947.840 դրամ արժողությամբ, որից 1.253.891.550 դրամը հափշտակել է գործընկերոջ՝ «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի հետ: Վերջինս, ի դեպ, աչքի է ընկել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեկ այլ գործով ևս և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Պապոյանին և Ս. Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Գ. Պապոյանի նկատմամբ դատարանի որոշման որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ս. Աղազարյանը հիշյալ գործի շրջանակներում արդեն իսկ կալանավորված է:

 

Հիշեցնենք, որ խոսքը Երեւանի կենտրոնում կառուցված շենքերի բնակարանների բազմակի վաճառքի մասին է, երբ մեկ բնակարանը վաճառվել է մի քանի անձանց:

 

Գործով բազմաթիվ տուժողների առկայության պայմաններում դատական նիստերը սովորաբար սկսվում են ուշացումով: Այս հանգամանքը, ինչպես նաև գործի մեծածավալ լինելը  հաշվի առնելով,  մեղադրող դատախազը միջնորդեց նիստերի համար հատուկ օրեր նշանակել, իսկ տուժողներին և նրանց ներկայացուցիչներին  հորդորեց ներկայանալ նիստից կես ժամ շուտ, որպեսզի գրանցման գործընթացն արագանա:

 

Դատավորը հայտարարեց, որ հունվարի 16-ից սկսված դատական նիստերը տեղի կունենան  յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և հինգշաբթի օրերին:  Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանը ստացիոնալ բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ուստի չի ներկայացել: Նիստին ներկա չէին նաև մի քանի տուժողներ և ներկայացուցիչներ:

 

Դատավորը բավարարեց  քաղաքացիներ Սուրիկ Ալթունյանին, Տիգրան Ղազանչյանին, Աղասի Թութունջյանին, Մանվել Միքայելյանին, Թամարա Սարկիսյանի, Ջուլիետա Պողոսովային և Մարգարիտա Մաթևոսյանին գործում, որպես տուժողներ, ներգրավելու միջնորդությունները:

 

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում անհնար  է շարունակել դատական նիստը և միջնորդեց այն հետաձգել: Համակարծիք էր նաև պաշտպանական կողմը, ուստի դատավորը որոշեց հետաձգել նիստը: Որոշումը դուր չեկավ դահլիճում ներկա տուժողներից ոմանց, ովքեր անընդհատ վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում ամբաստանյալ Գ. Պապոյանի հասցեին և պահանջում նայել իրենց աչքերին, սակայն մեղադրյալը դրանց ամենևին ուշադրություն չեն դարձնում` փախցնելով հայացքը: