կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-15 17:22
Քաղաքական

Հետուառաջ Հայաստան

Հետուառաջ Հայաստան

Վերջապես ստացանք հարցի պատասխանը, թե 2008-ից սկսած առաջ գնացող Հայաստանը ուր պիտի գնար` առաջ ասելով: Պիտի ուղղակի գնար առաջ: Հետո, սա արդեն փաստել է ՀՀԿ 14-րդ համագումարը, ԵԺԿ առաջնորդ Մարտենսն էլ ձեզ նվեր, Հայաստանը պետք է գնա դեպի ապահով Հայաստան:

 

Տղերք ջան, ստոպ: Մեզ թվում է՝ այստեղ լոգիկայի խնդիր ծագեց: Արդյոք 2008-ին առանց ապահովությա՞ն էինք առաջ գնալու, թե՞ 2013-ից սկսած՝ առաջ գնալը թողած՝ մեր ապահովությամբ ենք զբաղվելու: Ձեր ասածից տպավորությունն այնպիսին է, որ մենք ոչ թե առաջ ենք գնացել, այլ հետուառաջ: Էս մեր ավտոյին ի՞նչ պատահեց: 2008-ին խոդ տվեցինք, ամեն ինչ, կարծես, նորմալ էր ու գնացինք առաջ: Հիմա կանգնեցրել են, թե հալա սպասեք, ոնց որ ՙզաժիգանին՚ խառնում ա:

 

Ստացվում է, որ ՀՀԿ-ին նորմալ ավտո էին հատկացրել, բայց ճամփին փչացավ: Հասկանում ենք, պատճառները բազմաթիվ կարող են լինել, բայց չէ՞ որ նույն այդ ՀՀԿ-ն հավատում էր, որ ինքը վեր է բոլոր ճշմարտություններից, և իր համար իրականությունը փոխելը մեկ-երկու հաշվի գործ է: Ենթադրենք՝ ավտոյի կալյոսը փոխելը ի՞նչ է, որ Սերժ Սարգսյանը չփոխի, եթե պատահաբար այն ծակվի Գյուլի հետ մարզադաշտ գնալու ճանապարհին: Եվ կամ՝ բորտ-կոմպյուտերի եղածն ի՞նչ է, որ Տիգրան Սարգսյանը չկարողանա դատչիկների ցուցմունքները փոխել և իդեալական վիճակ ստանալ:

 

Բայց, ինչպես տեսնում ենք, աջ են քաշել, կանգնել, թե վտանգավոր է այս ավտոյով առաջ գնալը ու հիմա մեզ ավելի ապահով ավտո է պետք: Ապահով ավտո կամ ապահով Հայաստան, բնական է, մեզ ոչ ոք չի տա: Նշանակում է՝ պետք է եղածը նորոգել, շինել, իրար կպցնել:

 

Մի խոսքով… Մի խոսքով՝ Նաջարյանին հիշեցինք: Երբ նրանից ժամանակավորապես հորթի ոտքն էին խնդրում (ի դեպ՝ աներձագը), ասաց՝ չեմ տա, մի ժամով էլ չեմ տա: Թառլան հորթը կտանեք՝ կաշին ու կոտոշները հետ կբերեք: ՀՀԿ համագումարը, փաստորեն, իր ամբողջ կազմով, ԵԺԿ-ից Մարտենսն էլ քեզ նվեր, փոխանակ անհարմար զգալու թառլան ավտոն մետաղի ջարդոնի վերածելու համար, մի բան էլ հայտարարում է՝ մենք պիտի ապահով ավտո ունենանք, շատ չէ, էլի մի հինգ տարի ծառայելու համար: Եթե հարցնենք ինչո՞ւ, կպատասխանեն՝ որ առաջ գնանք: Կարուսել՝ բառիս բուն իմաստով, փակ շրջան:

 

Ծույլիկ երեխային դպրոցի տնօրենը հարցնում է՝ այ տղա, ձեր տունը ո՞րտեղ է: Պատասխանում է՝ կամրջի դիմաց: Կոմո՞ւրջը որտեղ է: Մեր տան դիմաց: Դե արի ու հասկացիր ՀՀԿ-ի լոգիկան: Տիգրան Սարգսյանին ահազանգում են՝ կովը կաթ չի տալիս: Պատասխանում է՝ կթել չգիտեք: Ասում է, ձեռքերը գոլ ջրով լվանում, փափուկ սրբիչով սրբում ու անցնում ժողովրդին կթելուն: Բա ասում էիք՝ չի կթվում: Մի երկու օր առաջ էլ ահազանգել էին, թե՝ պարոն վարչապետ, նպաստառուների թիվն աննախադեպ աճ է գրանցել, ինչի՞ց կլինի: Պատասխանել էր՝ աշխատատեղերի ավելցուկից է: Եվ հիմա, որպեսզի ցույց տա, որ աշխատատեղերը գնալով շատանում են, հրահանգել է ավելի մեծացնել նպաստառուների թիվը: Չէ, ջանմ, Տիգրան Սարգսյանից վարորդ դուրս չի գա:

 

Եվ առհասարակ, բոլոր հանրապետականներն են փողով ՙպռավա՚ առել: Կրկնում ենք՝ բոլորը: Միակ բանը որ սովորել են դասընթացներից, ամրագոտին ամրացնելն է: Դա էլ, ինչպես իրենց 14-րդ համագումարը փաստեց, Մարտենսն էլ ձեզ նվեր, զուտ ապահովության նկատառումներից ելնելով: Եվ ինչպե՞ս այսքանից հետո նորից Նաջարյանին չհիշենք՝ լավ, էս անտեր գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞… Նաջարյանն իր հարցին պատասխանեց՝ կա: Իսկ մե՞նք ինչ ենք պատասխանելու:

 

Էդիկ Անդրեասյան