կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-12 14:39
Առանց Կատեգորիա

...и другие официальные лица

...и другие официальные лица

ՀՀԿ ղեկավարության պոլիտբյուրոյական գործելակերպի մասին ՀՀԿ գործադիր մարմնի յուրաքանչյուր նիստից առաջ մեզանում ստեղծվող հիվանդագին սպասումների մթնոլորտն արտաքուստ այնքան նման է ԽՍՀՄ գոյության վերջին տարիների ԽՄԿԿ պոլիտբյուրոյի հանդեպ առկա վերաբերմունքին, որ ամեն անգամ ակամայից ստիպում է վերհիշել «հին ու բարի» ժամանակները, երբ դրանց մասնակցում էին անմոռանալի ընկերներ Բրեժնևը, Պոդգոռնին, Կոսիգինը...и другие официальные лица.

 

Եվ ՀՀԿ գործադիր մարմնի նոյեմբերի 9-ի նիստի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ այնտեղ ներկա են եղել ՀՀԿ-ի առաջին դեմքերը, այսինքն՝ երկրի գործող նախագահը, դեռևս ԱԺ նախագահ՝ նախընտրական շտաբի պետը և իհարկե՝ գործող վարչապետը, իսկ «и другие официальные лица» անվանակարգում թերևս՝ ՀՀԿ-ի «Սուսլովը», «Կիրիլենկոն», «Անդրոպովը», և վերջիններից ոչ պակաս կարևոր՝ ընկեր Շարմազանովը...

 

Պետության առաջին դեմքերի մասնակցությունը նախընտրական-կուսակցական հավաքներին և նրանց կողմից պետական գործունեության ստորադասումը «շտաբային աշխատանքներին», վկայում է անկախ Հայաստանում խորհրդային-պոլիտբյուրոյական գործելակերպին վերադառնալու զառամախտային իրողության վերջնական հաստատման մասին: Քանզի միայն ամբողջատիրական վարչակարգի ժամանակներում էր կուսակցությունը բարձր դասվում պետությունից, ուստի՝ պոլիտբյուրոյական որոշումներով կուսակցական հիերարխիայի ցանկացած անդամ կարող էր վերածվել սովորական մահկանացուի:

 

Հայտնի է, որ խորհրդային-նոմենկլատուրային մտածելակերպի շրջանակներում պոլիտբյուրոյական որոշումները բարձր էին ամեն ինչից, ճիշտ այնպես, ինչպես ներկայումս պետության թիվ երկրորդ պաշտոնը հանդիսացող Ազգային ժողովի նախագահի աթոռը ավելի ցածր է դասվում ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի պարտականություններից: Ուստի, երբ այսօր Հովիկ Աբրահամյանը երջանիկ դեմքով հպարտանում է, որ իրեն Ազգային ժողովի նախագահի պարտականությունների փոխարեն՝ «партия доверила» ... ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի աթոռը, փորձում, բայց չենք կարողանում հասկանալ, թե ո՞վ է նրա փոխարեն հարգելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները:

 

Ստացվում է, որ իշխող կուսակցության համար Սահմանադրությունը «թղթի կտոր» է՝ նորօրյա ընկերներ «Բրեժնևի», «Պոդգոռնու», «Կոսիգինի», «Սուսլովի» որոշումների համեմատ: Ուստի բնական է, որ ինչպես նոյեմբերի 9-ին կայացած ՀՀԿ ղեկավարության հերթական հավաքի, այնպես էլ ԽՄԿԿ պոլիտբյուրոյի նիստերի նախօրեին համընդհանուր անորոշության ու սպասումների մթնոլորտում ակնկալվող փոփոխությունները վերածվում են սովորական շախմատային «ռակիրովկաների», այն էլ՝ առանձին վերցված՝ ոստիկանության համակարգում:

 

Բայց անգամ ԽՄԿԿ պոլիտբյուրոյի զառամյալ անդամների կազմակերպած պաշտոնանկություններն ու նշանակումները շատ թե քիչ քաղաքական կերպարանք էին ունենում, մինչդեռ մեզանում դրանք դուրս չեն գալիս ՀՀԿ-ի «տաշտակային փիլիսոփայության» շրջագծից, երբ մի ոստիկանապետը փոխարինվում է մյուսով՝ հասարակության աչքում «բարեփոխումների» պատրանք ստեղծելու համար: Կարծում ենք, ԽՄԿԿ պոլիտբյուրոյի և ՀՀԿ գործադիր մարմնի հավաքների միակ լուրջ տարբերությունը այն է, որ ՀՀԿ «պոլիտբյուրոյի» վերջին նիստը ընդամենը 15 րոպե է տևել... այսինքն՝ տեղի է ունեցել ոչ թե նիստ, այլ «ղեկավար ցուցմունքների» փոխանցում…

 

Սա հստակորեն ապացուցում է, որ ի տարբերություն 1960-1980-ականների խորհրդային պոլիտբյուրոյի, որի յուրաքանչյուր անդամն ուներ իր տեսակետն արտահայտելու և անգամ ՄԱԿ-ի ամբիոնին կոշիկով հարվածելու խիզախություն դրսևորած Նիկիտա Խրուշչովի նման «քաջարի ընկերներին» անվստահություն հայտնելու իրավունք, ՀՀԿ գործադիր մարմինը դա էլ չունի… Այսինքն՝ տվյալ դարաշրջանի ԽՄԿԿ պոլիտբյուրոն շատ ավելի ժողովրդավարական հաստատություն էր, քան ՀՀԿ գործադիր մարմինը, որը սոսկ լսում ու կատարում է «ղեկավար ցուցմունքները»:

 

Ուրեմն՝ իր ձևով լինելով ԽՍՀՄ անկման դարաշրջանի պոլիտբյուրոյական գործելակերպի գրեթե ամբողջական պատճենումը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստերն իրականում հետքայլ են դեպի «է՛լ ավելի երանելի» ժամանակները, երբ ընկերներ Մոլոտովին, Մալենկովին, Կագանովիչին և իհարկե՝ Բերիային 15 րոպեն անգամ բավական էր «ժողովուրդների հոր» ղեկավար ցուցմունքներն ընկալելու և գործադրելու համար...

 

Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ