կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-12 12:33
Հասարակություն

Мама, родина, Ленин...

Мама, родина, Ленин...

Ընդամենը երկու ամիս առաջ մեր իշխանությունները առնվազն ցուցադրական հպարտությամբ և հանդիսավորությամբ նշեցին մեր անկախության 20-ամյակը: Հեռուստաընկերությունները շաբաթներ շարունակ ցուցադրում էին զինվորական շքերթի տեսագրությունը` հայրենասիրության վերամբարձ խոսքերով փորձելով «տոգորել» մեր ազգաբնակչության լայն զանգվածներին, ապացուցելով, որ այսօրվա մեր դժվարությունները կրում են ժամանակավոր բնույթ, իսկ պատմական տեսանկյունից մենք ունենք անանցելի ձեռքբերումներ՝ Արցախյան հաղթանակ, Ազգային բանակ…

 

Ինչ խոսք, այս ձեռքբերումները մենք ունենք, ունենք հայության միասնական ջանքերով ու զրկանքների գնով: Սակայն մեր առջև է Հայաստանի ռուսական դասարաններում դասավանդվող առաջին գիրքը՝ «Букварь»-ը: Դժվար է հավատալ, բայց մեր անկախության 20-րդ տարում հայ մանուկը Հայաստանի դպրոցում առաջին գիտելիքը ոչ միայն ստանում է ռուսերենով, այլև մի երկրի ուսումնական ծրագրով, որ արդեն գոյություն չունի, մի գաղափարախոսությամբ, որի նկատմամբ մեր ազգային ինքնության հաղթանակով կերտվեց մեր անկախությունը, մի օրհներգով, որը խորհրդանշում է խորհրդային կայսրությունը և մեր անկախության ու նաև տարածքային կորուստները և, վերջապես, մի առաջնորդով, որի գործունեության արդյունքում ոչ միայն հայ, այլև աշխարհի շատ ժողովուրդներ անդառնալի կորուստներ ունեցան:

 

Դժվար է ասել՝ որն է մեր իրական տեսլականը, ում ենք մենք ուզում դաստիարակել՝ մեր անկախությամբ հպարտացող և այդ անկախության համար զոհաբերության պատրաստ մի սերո՞ւնդ, թե՞ խորհրդային կարոտախտով տառապող, այդ «դրախտը» չտեսած, բայց Հայաստանի ապագան այլ երկրի կազմում պատկերացնող մանկուրտների:

 

Այս հարցի պատասխանը կարող են տալ, թերևս, մեր «նժդեհական» իշխանությունները: