Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նամակը, ուղղված Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին, մեզ է տրամադրել նամակագիրը: Այն ներկայացնում ենք ստորեւ:
Հարգելի' պարոն Մարգարյան
Երեկ երեկոյան ժամը 6-ից 7-ի սահմաններում մեր շենքի վրա հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցանակը... Իմ հարցին, թե արդյոք իրենք իրավունք ունեն վնասելու կառավարության կողմից պահպանվող հուշարձաններին պատկանող Մաշտոց 48 կառույցը, մի «ակտիվ» երիտասարդ ասաց, որ ցուցանակը ժամանակավոր է: Իմ բոլոր ջանքերը և պահանջները որևէ թույտվության թուղթ ներկայացնել՝ անցան ապարդյուն:
Այսօր ես իմացա, որ մեր համատիրության նախագահն էլ տեղյակ չի եղել այդ նախաձեռնությունից: Ավելացնեմ, որ միայն այդ ցուցանակով կուսակցության ակտիվիստները չեն սահմանափակվել: Ամբողջ շենքը ուղղակի ողողված է իրենց ցուցանակներով: Ուզում եմ ասել, որ ահռելի մեծ մեխերը, որոնցով պաստառը «մեխված է» մեր շենքին մեծ վնաս են հասցրել քարերին ու պատերին, և ինչ-որ «ժամանակավոր» պաստառ կարող է անդառնալի վնաս հասցնել մեր քաղաքի ամենագեղեցիկ շինություններց մեկին...
Ասենք, արդեն հասցրել է...Ավելացնեմ նաև, որ հեռվից շատ տհաճ տպավորություն է թողնում մեր շենքի ֆասադը... Մանավանդ ամոթ է մեր քաղաքի հյուրերի առաջ, որովհետև ոչ մի քաղաքակիրտ երկրում այսպիսի դիլետանտիզմի մայրաքաղաքի գլխավոր փողոցում չես հանդիպի: Ուզում եմ Ձեզ զգուշացնել, որ այս ապօրինի պաստառը կարող է վաղը կամ մյուս օրը առիթ հանդիսանա, որ որևէ ուրիշ կազմակերպությունների «հավեսը» տա և իրենք էլ որոշեն մեր շենքի կամ Օպերայի շենքի կամ որևէ մի շենքի վրա ժամանակավոր իրենց գովազդող պաստառներ ամրացնել: Ասենք` «Եհովայի վկաները» կամ «Հայ արվամոլների միությունը»... Կամ ուղղակի մի անհատ, որը մի օր արթնանա ու որոշի, որ իրա աստղային ժամը եկել է, և ժամանակն է, որ ինքն էլ զարդարի քաղաքի ֆասադները: Շատ տխուր է:
Ես օրինապաշտ քաղաքացի եմ և պահանջում եմ իմ երկրի ղեկավարությունից, որ ամեն մի այսպիսի նախաձեռնություն դրվի քննարկման և օրինական թղթով թույլատրված լինի: Թե չէ `ուր կհասնենք... Այս նամակը ես տեղադրելու եմ նաև իմ էջում և մի քանի, այսպիսի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների էջերում: Կից ներկայացնում եմ մեր «խեղճ» շենքի նկարը:
Ռուզան Ավետիսյան