Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Transparency International միջազգային կազմակերպության կատարած հետազոտության` առողջապահության համակարգը կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից մշտապես գտնվում է երկրորդ-երրորդ տեղում այն պատճառով, որ գոյություն ունի հսկայական անհամապատասխանություն իշխանությունների կողմից ժողովրդին տրվող խոստումների եւ բյուջեով կատարվող հատկացումների միջեւ:
Այս անհամապատասխանության վիհը հայրենի իշխանության մաս կազմող կոալիցիոն գործընկերները փորձում են լրացնել «սեփական» միջոցների հաշվին` ժամանակ առ ժամանակ մարզերն ընկած` իրենց ետեւից տանելով մի քանի տասնյակ բուժաշխատողների: Ընդ որում` այս մրցավազքում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անզիջում պայքարի մեջ են եւ գործի են դնում ոչ այնքան կուսակցական, որքան հենց իշխանական լծակները: Եվ զավեշտն այն է, որ կառավարության գրեթե բոլոր ռազմավարական` «ՀՀ կառավարության 2008-2012թթ.» եւ «Կայուն զարգացման» ծրագրերում ամրագրված է անվճար առաջնային բուժօգնության գերակայությունը: Այն կարեւորագույն տեղ է զբաղեցրել նախագահի նախընտրական ծրագրում եւ արդեն քանի տարի ամրագրվում է ՀՀ բյուջեով:
Ստացվում, որ նույն այդ կառավարության մաս կազմող կուսակցական գործիչները, մինչեւ իսկ նախարարի մակարդակով, նույն այդ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, որոնք ընդունել են «Բյուջեի մասին» օրենքները եւ տեղյակ են, որ առաջնային բուժօգնությունը ՀՀ քաղաքացիների համար անվճար է, կազմակերպում են նույն այդ ծառայությունները: Այստեղից եզրակացություն` պաշտոնյաները եւս` կուսակցապետերով, նախարարներով ու պատգամավորներով համոզված են, որ անվճար բուժծառայություններ մեզանում չկան, որ բյուջեի փողերը պարզապես նպատակին չեն ծառայեցվում:
Վերջապես ժամանակն է ցրել այն «միֆը», որ շուկայական հարաբերություններում ինչ-որ բան դեռեւս անվճար կարող է լինել. առավել քան անհեթեթ է մտածել, որ դա հենց բժշկությունը կարող է լինել: Բայց աշխարհի գրեթե բոլոր առաջադեմ երկրներում գործում են տասնամյակներով մշակված առողջապահական համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս սոցիալապես անապահով խավերին ստանալ ամենաբարձր մակարդակի բուժօգնություն: Բայց մեր պետությունը, չկարեւորելով առողջապահական համակարգի առանձնահատկություններն ու խնդիրները, որդեգրեց մի ճանապարհ, որը տանում է դեպի ոչ մի տեղ` ստեղծելով փակ շղթա, անունը` անվճար բուժօգնություն… Ընտրությունից ընտրություն` ժողովրդին տրվող խոստումները մեծանում են, դրանց իրագործումը` դժվարանում: Բյուջեն խոստումների պես առաձգական չէ եւ մի տեղ կտրվում է: Այդպես եղավ եւ առողջապահության համակարգի հետ: Ահռելի խոստումների բեռի տակ` պետությունը բոլոր խավերի համար անվճար դարձրեց շտապ եւ ամբուլատոր բուժօգնությունը, ապա նաեւ 2008 թվականից` ծննդօգնությունը:
Թվում է` լավ բան արեց, բայց… Հայաստանում այսօր մեկ քաղաքացու առողջության վրա պետությունը ծախսում է 20 հազար դրամից մի փոքր ավելի: Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանում, օրինակ, այդ ցուցանիշը կազմում է 280-300 դոլար: Եվրոպական երկրներում` 2500-3000, իսկ ահա Միացյալ Նահանգներում` 8000 դոլար: Ինչեւէ, 2012թ. բյուջեով նախատեսվում է առողջապահական համակարգին տրամադրել 65,8 մլրդ դրամ այս տարվա 62,4 մլրդ դրամի փոխարեն, որը համակարգի վիճակը, էականորեն չի փոխելու: Ավելին, իրավիճակը վատանալու է առաջնային բուժօգնության ծառայությունների գծով, որտեղ ներառված տասներեք ծրագրերի համար եկող տարի հատկացվելու է մոտ 23,9 մլրդ դրամ` 5,3 մլն դրամով պակաս, քան այս տարի: Առաջին հայացքից` նվազումն աննշան է, սակայն, ըստ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի առողջապահության ծրագրի ղեկավար Կարինե Հարությունյանի` առաջնային բուժօգնության ծախսերն իրականում կրճատվել են մինչեւ 420 մլն դրամ եւ ահա թե` ինչպես:
Եկող տարվա բյուջեում այս տարվա համեմատ մոտ 295 մլն դրամ սոցիալական վճարների աճ է հաշվարկված: Այլ կերպ` պետությունը սոցվճարների տեսքով այդքան լրացուցիչ գումար հետ պետք է ստանա այն դեպքում, երբ համակարգում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Մեկ-երկու ծրագրերում հատկացումների ավելացմանը զուգահեռ` շուրջ 300 մլն դրամի կրճատումներ են կատարվել ամբուլատոր հիմնարկներում սարքավորումների տեխնիկական վերազինման հաշվով, եւ սա այն դեպքում, երբ բնակչության մի զգալի մասը ամբուլատոր հասատություններում չի կարողանում հետազոտվել սարքավորումների բացակայության կամ հնամաշության պատճառով: Ընդհանուր առմամբ, ամենամեծ կրճատումները եղել են բնակչության առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական եւ ստոմատոլոգիական բժշկական ծառայությունների մասով:
Մյուս կողմից, եթե բնակչության թվաքանակի աճի հաշվին, համենայնդեպս, այդպես է ներկայացվում, առողջապահության համակարգի բյուջեն չնչին չափով աճել է, ապա ծառայության միավոր գնի վրա աճ տեղի չի ունեցել: Արդյունքում, ըստ փորձագետի` առողջապահության եկող տարվա բյուջեն թույլ չի տա ապահովել անգամ 2011թ. ծառայությունների մակարդակը: Ավելին, բյուջեում անտեսված է նաեւ սպասվող 4,5 տոկոս գնաճի հանգամանքը: Պետությունը, փաստորեն, առողջապահության համակարգին հատկացվող գումարների ընդամենը 36,3 տոկոսն է հատկացնում առաջնային բուժօգնությանը, ինչից էլ հիմնականում օգտվում են սոցիալապես անապահով խավերը: Ի դեպ, ԱՄՀ-ի կողմից ուսումնասիրված է նա¨, որ սոցիալապես անապահով խավը 2-2,5 անգամ ավելի է դիմում բուժօգնությանը, քան սոցիալապես ապահով խավը: Ու մինչ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է պետություններին` առողջապահությանը հատկացնել համախառն ներքին արդյունքի առնվազն 5 տոկոսը, Հայաստանը ոչ մի կերպ չի բարձրանում 1,5 տոկոսի շեմից: Իրականում, որոշ մասնագետների կարծիքով, մեր առողջապահության համակարգի վիճակն այդքան ծանր չէր լինի, եթե պետությունն անվճար բուժօգնություն տրամադրեր միայն սոցիալապես ամենաանապահով խավերին` անվճար բուժօգնության որոշ տեսակներ չտարածելով ողջ հասարակության վրա: Գոնե քիչ թվով մարդիկ նորմալ կսպասարկվեին: Բայց քանի որ մեր իշխանությունների պոպուլիզմը սահմաններ չի ճանաչում, մենք ունենք այն, ինչ ունենք` չունենք անվճար ամբուլատոր բուժօգնություն, չունենք անվճար ծննդօգնություն, չկան անվճար բուժվող հիվանդություններ, եւ կան այս նպատակով բյուջեից հատկացվող միջոցների վատնումներ:
Արդյունքում` դժգոհ է հիվանդը, որին հավատացրել են, թե իր բուժումն անվճար է, դժգոհ է բժիշկը, որին հավատացրել են, թե հիվանդին բուժելու համար ինքը վճարվելու է պետության կողմից: Դժգոհ են իշխանությունները, որոնք ուզում էին որքան հնարավոր է` լավ, բայց եղավ` ինչպես միշտ:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ