կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 10:55
Մշակույթ

Զոլավոր փողկապի ժամանակը

Զոլավոր փողկապի ժամանակը

Մեկ էլ ե՞րբ էր Գոքորն իրեն այսքան լավ զգացել: Այստեղ, ի տարբերություն իրենց գյուղի, Գոքորին սիրում են, մարդատեղ են դնում, հետը հաշվի նստում, խորհուրդ հարցնում: Ապրած ողջ կյանքի ընթացքում նման բան չէր եղել, ու հիմա այստեղ խոսելիս Գոքորը մեկ-մեկ ինքն իրեն չէր հավատում: «Այդ ե՞ս եմ այսպես խոսում»,- ինքն իրեն հարցնում էր ու պատասխանում. «Բա էլ ո՞վ: Այ թե մերոնք այստեղ լինեին ու տեսնեին, թե Գոքորն ով ա եղել իր կյանքում», ինքն իրենով հպարտացել ու զարմացել էր և առավոտ կանուխ զանգահարել էր տուն.

 

- Քաղաք գալացող մարդ գտեք ու էն զոլավոր գալստուկս հետը ուղարկեք:

 

Մոր նեղսրտած արձագանքին, թե՝ «ա'յ տղա, տուն արի, քո մալի, բաղ ու բաղչի գլխին մնա», Գոքորը կյանքում առաջին անգամ տան տղամարդուն հատուկ խիստ տոնով կտրել էր. «Էդ ձեր գործը չի: Ասում եմ՝ էն զոլավոր գալստուկս գտեք, ուղարկեք, թող գա», ու էլի զարմացել ինքն իր տոնի վրա:

 

Ինքն այդ «զոլավոր փողկապ» ասվածը մեկ անգամ էր կապել՝ մի տասը տարի առաջ` հարսանիքին: Թե ո՞նց էր հիշել արդեն անհիշելի դարձած իրը, միայն ինքը գիտեր: Կինը` Մարգոն, փորձել էր համոզել, թե այդ փողկապը մոդայից վաղուց դուրս է եկել և չի էլ հիշում, թե որտեղ կարող է այն լինել: Գոքորը զայրացել էր, պառկած դիրքից նստել, հայացքը գցել էր վրանում իրեն ընկերակցող արդեն գաղափարակից դարձած կանանց ու բարձր ձայնով հեռախոսի մեջ բղավել. «Տո ա'յ անճաշակ, դու էլ ես մոդայից դուրս եկել, ի՞նչ անեմ: Բա ես քեզ ո՞նց եմ պահում»: Իրենց համատեղ կյանքի տասը տարիների ընթացքում Մարգոն առաջին անգամ առնական, ինքնահաստատված տղամարդու ձայն էր լսել ու զարմացել:

 

«Քաղաքը լավ բան է, էլի: Ընդամենը երեք օրվա ընթացքում Գոքորս փոխվեց, հասունացավ,- մտածել էր Մարգոն ու նույն պահին էլ հիասթափվել մտքերից:- Չէ, հնարավոր չի նման բան…»: Քթի տակ ասել էր կինն ու ձեռքը թափ տվել, մտել էր գոմ` մինուճար մոզու թրիքը մաքրելու:

 

Միայն յոթ տարեկան աղջիկն էր հոր զանգից ուրախացել: Արագ տակնուվրա էր արել ընտանեկան կոմոդը, գտել արդեն ցեցը կերած զոլավոր փողկապն ու շտապել էր գյուղամեջ: «Պապայիս քաղաքում գյուղապետ են նշանակել»,- ընկերընկերուհիների մոտ հպարտացել էր Մաքրուհին և ավելացրել, որ «զոլավոր փողկապը» հենց հասնի Երեւան, պապան սպիտակ «Նիվայով» գյուղ է գալու՝ իրենց ետեւից: Տարիքով մեծ երեխաները ծիծաղել էին, իսկ փոքրերը զգուշացել: Միայն Չաղ Արամն էր կրճտացրել ատամներն… ու չէր դիմացել. «Տո, ա'յ համբալի լակոտ, հերդ մեռավ հորս տակը փորելով, հիմա էլ լապատկեն առել քաղաք ա գնացել, հա՞»,- ասել էր Չաղն ու Մաքրուհու ձեռքից խլել փողկապը, գցել ոտքերի տակ, մի լավ տրորել, կապել հարեւան Բութուլենց էշի վզին ու բաց թողել գյուղամեջ:

 

* * *

 

Մարգոն տունը տակնուվրա էր արել: Փողկապը չկար ու չկար: Էս էլ դեռ քիչ էր` Գոքորն էր անընդհատ զանգում. «Ի՞նչ արիք, չգտա՞ք»: Յուրաքանչյուր զանգից հետո Գոքորի ձայնը ավելի վճռական էր հնչում, և այլեւս տեղ չէր մնացել չհավատալու, որ այդ անիծյալ փողկապը եթե չգտնվի, Գոքորի գործերը աջ չեն գնա: Միայն թե Մարգոն չէր հասկանում, թե ինչ կապ ունի փողկապը գործի հետ: «Առանց գալստուկի թող աշխատի, մինչեւ աշխատավարձ կստանա, կառնի»,- ասել էր սկեսուրը Մարգոյին: Մարգոն էլ խեւ-խեւ նույնը փոխանցել էր Գոքորին: Գոքոր, դու Գոքոր, էլ չէր դիմացել: Հենց վրանի մեջ հայհոյանքների իր տոպրակը բացել ու բոլոր ներկաների մոտ հուլունք-հուլունք շաղ էր տվել ողջ վրանով մեկ:

 

Գոքորի վճռականությունն ու տաքարյունությունը նկատած գաղափարակիցները զարմացած առաջարկել էին նրան նույն տոնով խոսել հաջորդ օրը հարթակից: «Այ, տղեն սենց կըլնի»,- մեկմեկու ասել էին վրանի հարեւանուհիները ու հետաքրքրվել` ո՞ւմ հետ էր Գոքորն այդ տոնով խոսում: Այստեղ Գոքորն իրեն չէր կորցրել. «Մեր մարզպետն էր: Չի թողնում գյուղացիները գան, միանան մեզ»:

 

Լուրը հասավ հարթակի վերին անկյունը, և Գոքորը լսեց, թե ինչպես են իշխանությունները փակել գյուղական ճանապարհները: «Ամո՜թ, ամո՜թ, ամո՜թ»,- բղավում էին ամեն կողմից: Գոքորը ինքնագոհ կանգնած վրանի կողքին՝ հետեւում էր իր «եփած ճաշի» ընթացքին, ու հանկարծ հայտնվեց համագյուղացի Գագոն:

 

- Քել, հավաքվի, տուն ենք գնում:

 

- Դու գնա, ես չեմ գալիս,- ասաց Գոքորը եւ գլխով ցույց տալով հարթակը՝ շարունակեց:- Ես վաղը խոսելու եմ ընդեղից:

 

- Ո՞վ, դո՞ւ,- զարմացավ Գագոն:

 

- Հա, ինչի՞ ես զարմանում:

 

- Արա', ա'յ Գոքոր, ես քեզ ստեղ չեմ բերել, որ տրոցկիստություն անես; Չես հասկանո՞ւմ,- զայրացավ Գագոն:

 

- Էս քո կռիվը չի, իմ կռիվն ա, ու դու մի խառնվի:

 

- Իաաաա՜, երես տվինք, աստա՞ռ ես ուզում, հել հավաքվի: Ի՞նչ ես շուխուռ գցել, թե մարզպետը ճամփեքը փակել ա, քֆուր-քյաֆար ես կապել՝ իբր թե… Բա դու չգիտես, որ մեր կռիվը մարզպետի հետ չի, այլ՝ ավազակապետության: Մարզպետը մեր ախպերն ա, այ հիմար: Դու քո հիմար խելքով սաղիս գցելու ես կրակը: Էլ մեր մեծ ախպոր աչքերի մեջ ո՞նց եմ նայելու:

 

- Դու մեծ ախպեր էլ ունե՞ս,- զարմացավ Գոքորը:

 

- Հիմար,- հեգնեց Գագոն:- Մարզպետը մեծ եղբայրս չի, բայց Մեծ Ախպեր ա:

 

- Չեմ գալիս, դու գնա: Ես զանգել եմ տուն, վաղը գալստուկս ուղարկելու են: Պտի խոսամ…

 

- Ինչքան խոսեցիր, հերիք ա, քել հավաքվիր: Ես գնալում եմ, որ դու մնացիր, ո՞նց ես հետո տուն գալու:

 

- Գնա, գնա,- հեգնեց Գոքորը և առանց շունչ քաշելու շարունակեց,- մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլորը, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում: Ուստի, բոլորովին չկասկածես, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, մենք վաղ թե ուշ հաղթելու ենք: Ավելին, մենք արդեն հաղթած ենք, քանի որ մտադիր չենք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու մտքին: Եվ դու` ստրուկդ, որ ինքդ քեզ դարձրել ես ստրուկ փոքրիկ իշխանիկների ձեռքին եւ նրանց մեծ ախպեր ես կոչում, այլեւս ինձ հետ չխոսես, մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ լիակատար կապիտուլյացիա:

 

Պայթեցին ծափերը: Մարդիկ մոտեցել էին նրանց եւ Գոքորի խոսքի վերջին հատվածը բերանները բաց, առանց աչք թարթելու լսեցին, իսկ մի կին ուղղակի ընկավ Գոքորի վրա եւ ներկաներին կոչ արեց նրա կողքին լինեն, որ հրապարակում շրջող ոստիկանները գլխին մի բան չսարքեն և չփակեն բերդում: Անծանոթ կինը Գոքորի բնական կարիքները հոգալու, լոգանք ընդունելու կամ այլ ցանկությունների իրականացման համար նրան իր տանը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնեց և հետը լուսանկարվեց: Րոպե առ րոպե վրանային հրապարակում բարձրանում էր Գոքորի վարկանիշը:

 

Գոքորը ինքն էլ չհասկացավ, թե ինչպես դարձավ հրապարակի կենտրոնական դեմքերից մեկը: Մոտ տասը տարի՝ ամուսնանալուց հետո քաղաք չէր իջել, մարդու երես չէր տեսել: Տեսածն էլ ժամանակ առ ժամանակ գյուղի ակումբ հյուրախաղերի եկած անարժեք արտիստներն էին եւ գրադարանի հաստափոր գրքերը, որ արդեն անհաշիվ անգամներ ընթերցել էր պարապությունից: Այդ օրը Գոքորի բախտից է՜ր, ի՜նչ էր, երբ դուրս էր եկել գյուղամեջ, մոտեցել էր Գագոն՝ իր մեքենայով ու առաջարկել նստել: Մի կերպ համոզել էր Գոքորին, որ քաղաքում գործ կա: Նա, որ ջանացել, փնտրել ու գտել էր հարթակի ավագանու պահանջած հինգից մեկին և համոզելով բերել էր քաղաք, հասկացավ , որ իր նախաձեռնությունը գլխին փորձանք է դառնում: Այդ պահին նրան այեւս ոչինչ չէր հետաքրքրում: Պետք էր տուն գնալ, իսկ Գոքորը երկու ոտքը դրել էր մի կոշիկի մեջ և հեղինակության կրեդիտներ էր հավաքում: Գագոն, որ արդեն չորս տարի շարունակ այդ նույն մարդկանց սիրելին էր, հանկարծ նրանց համար դարձավ կասկածելի: Գագոյի համար անակնկալ էր Գոքորի պոռթկումը եւ հասկացավ, որ պետք չէր նրան քաղաք բերել, բայց արդեն ուշ էր…

 

* * *

 

Գագոն գյուղում ոչինչ չասաց, բայց ողջ գյուղն արդեն տեղյակ էր Գոքորի հաջողություններից: Հեռուստացույցով էին տեսել Գոքորին` ժողովրդի մեջ կանգնած: Իսկ հեռուստացույցով կես վայրկյան երեւալն արդեն գյուղում լուրջ հաջողություն է համարվում: Չաղ Արամն էլ շտապել էր հորը` գյուղապետին, տեղեկացնել Գոքորի ցանկությունների մասին: Մի խոսքով՝ գյուղում անդորր էր ճակատամարտից առաջ: Բոլորը շունչները պահած սպասում էին քաղաքի լուրերին: Ավելի հեռատեսներն սկսեցին այցելել Մարգոյին, հետաքրքրվել հալ ու քեֆով եւ ձեռքի հետ էլ առիթը չէին կորցնում քնքշորեն հիշել Գոքորին: Մարգոն, որ իրականում չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հանկարծ զգաց, որ ինքը շատ կարեւոր անձնավորության կին է: «Եվ ո՞նց ես մինչեւ հիմա այդ մասին չէի իմացել»,- մտածում էր Մարգոն՝ ամեն մի հյուրի դիմավորելուց ու ճանապարհելուց հետո: Հյուրերն էլ ձեռնունայն չէին գալիս: Մեկը դույլով խնձոր էր բերում, մյուսն իր թխած հացից: Ավելի հեռատեսները` ձու… Մեծ աշխարհ է, մտածում էին համագյուղացիները, հանկարծ ու Գոքորը սպիտակ «Նիվայով» մտավ գյուղ… Այսպես մինչև կեսօր այցելում էին Գոքորենց, հետո էլ գնում գյուղապետի թաղ, նստում խանութի մոտ ու սկսում «տաշել» Գոքորից:

 

* * *

 

Գոքորը երանության մեջ էր: Տնից նամակ էին բերել ու մի տոպրակ: Նամակում կինը շռայլել էր աշխարհի ամենահաճելի խոսքերը եւ որպես տան տղամարդու, ով գիշեր ու զօր աշխատում է հանուն ապագայի բարեկեցության, մի քիչ լավաշ, մի քանի հատ ձու եւ մի տոպրակ խնձոր էր ուղարկել: Ճիշտ է, Գոքորը մի քիչ նեղսրտեց, որ փողկապը չեն ուղարկել, բայց Մարգոյի սրտաճմլիկ նամակն ամեն ինչ գցեց իր տեղը: Գոքորը պատրաստվում էր: Վրանում խոհափիլիսոփայական դիրքով թինկն տված մտածում էր, իսկ նրան սերտ նստած կանայք համտեսում էին գյուղի բերքն ու բարիքը ու քննարկում հաջորդ օրվա պատրաստվելիք ելույթի մանրամասները: Ամեն օր բլից միտինգների ժամանակ մարզային պատվիրակություններից մեկին հոգու խոսք էր տրվում, և հաջորդ օրվա բանախոսը Գոքորն էր լինելու: Հանկարծ Գոքորը տեղից վեր թռավ եւ, տոպրակից վերցնելով մի կարմրաթուշ խնձոր, վազեց դեպի հարթակ: Մոտենալով հարթակում կանգնած հանդիսավարին՝ Գոքորը մեկնեց խնձորը. «Այս ամենամեծ խնձորը իմ աճեցրած խնձորներից ա: Ես սիրով նվիրում եմ Ձեզ: Այն մեր երկիրն է, իսկ նրա միջի որդը մեր իշխանություններն են, որ պետք է արմատախիլ արվեն»:

 

Բոլորը ծափահարեցին, եւ հրապարակը թնդաց՝ այսօր՜, այսօր՜, այսօր՜ բացականչությունից: Գոքորը խեղճացավ, չէր ուզում այդ «այսօր»-ը: Նա վաղը խոսք ուներ ասելու, իսկ «այսօր»-ն այլ բան էր նշանակում: Գոքորը մի քիչ խեղճացավ, բայց երբ հասկացավ, որ այդ «այսօր» կոչվածը չի խանգարելու իր վաղվա ելույթին, վերադարձավ վրան, ընդունեց խոհափիլիսոփայական դիրքը եւ ընկավ մտքերի մեջ: Նա մտովի արդեն որերորդ անգամ մտքում շարադրում էր ելութը: Այն պետք է իր համար բացեր նոր հորիզոններ… եւ լսեց առաջնորրդի ձայնը.

 

- Իշխանությունները չհանդգնեցին բռնի գործողություններ իրականացնել, չգրանցվեց ոչ մի տհաճ միջադեպ, ինչում իրենց դերը խաղացին ինչպես մասնակիցների կարգապահությունը, այնպես էլ հրապարակի ոստիկանական աշխատակիցների ընդգծված զսպվածությունը: Որքան մենք ակտիվ լինենք, այնքան միջազգային հանրությունը մեր օգտին որոշումներ է կայացնելու: Աշխարհը չի սիրում չպայքարող ազգերի: Այս պահին մենք առաջակում ենք դադարեցնել եւ պահանջված պահին անցկացնել անժամկետ նստացույց եւ հանրահավաք: Մենք ձեզ խորին շնորհակալություն ենք հայտնում եւ մաղթում ամենայն բարիք…

 

Գոքորի աչքերի լույսը պակասեց: Կանգնած տեղում սկսեց օրորվել, եւ եթե չլիներ կողքին կանգնած հավատարիմ տիկինը, կտապալվեր գետնին: «Ամեն ինչ վերջացավ»,- հասցրեց մտածել Գոքորը:

 

* * *

 

Երբ մտնում էր գյուղ, նրան ոչ ոք չդիմավորեց: Խանութի մոտ նստածներն էլ մի կես բերան բարեւեցին, իսկ Բութուլը կես լուրջկես կատակ հարցրեց.

 

- Հը, մենձ ախպեր, ո՞նց ես, պրծա՞ք էդ ձեր կիլդիմը:

 

- Չէ, հլը նոր ա սկսվելու, շատ մի ուրախացիր,- անհավես շպրտեց Գոքորը:

 

- Ինձ ինչ, որ ուրախանամ: Ուրախացողը լա՜վ էլ ուրախ` հրեն քանի օր պաշտոն ստացած ման ա գալիս,- ասաց Բութուլն ու գլխով ցույց տվեց պատի տակ կանգնած էշին` Գոքորի զոլավոր փողկապը վզին:

 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ