կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-25 19:25
Առանց Կատեգորիա

Ֆորպոստի գրգռաճեղքը

Ֆորպոստի գրգռաճեղքը

Մենք ի՞նչ ունենք տալու ռուսներին: Ավելի ճիշտ, ի՞նչ ունեն մեզանից ստանալու ռուսները: Այս հարցը ինձ հետաքրքրեց Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում: Լրատվամիջոցները նշում են, որ Մոսկվայում կողմերն ընդլայնված կազմով ինչ-որ փաստաթղթեր են ստորագրել: Փաստաթղթերը երկկողմ ակնկալիքների եւ ստանալիքի ամրագրումն են:

 

Ես այսպես եմ հասկանում, մենք նրանց կարող էինք տալ Արամ Խաչատրյան կամ Հովհաննես Այվազովսկի: Բայց ռուսները կասկած էլ չունեն, որ նրանք ռուս են: Այսինքն, Արամ Խաչատրյան եւ Հովհաննես Այվազովսկի չեն ակնկալում: Լավ, կարող էինք մեր երկրի սահմանները վստահել նրանց: Բայց այն աստիճան ենք վստահել, որ նույնիսկ մեր սեփական տան մեջ չգիտենք, թե ինչ քայլ անենք առանց նրանց անհանգստացնելու:

 

Ատոմակայանի աշխատակիցները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը: Ընդ որում բարձրացնել սեփական ռեսուրսների հաշվին, որոնք կան: Մամուլը գրում է, որ պահանջողները մարդիկ են, որոնց եթե չբավարարեցիր, համարիր, որ ատոմակայան չունես: Ո՞րն էր էներգետիկայի նախարարության առաջին արձագանքը` ես բարձրացնելու չունեմ: Ինչու՞ չունի: Որովհետեւ ռուսները չեն ուզում, որ բարձրացնեն, այդ ռեսուրսներն իրենցն են, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն, սա այն դեպքն էր, երբ ոչինչ չենք տվել ռուսներին, քանի որ ատոմակայանն իրենցն է, եւ ուզում էինք ստանալ: Ուրեմն, սահմաններն էլ չենք կարող առաջարկել, որովհետեւ արդեն պարզ չէ, թե որտեղ են մեր երկրի իրական սահմանները:

 

Մենք նրանց կարող էինք առաջարկել Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Բայց այս դեպքում էլ խնդիրներ կան` էդ ռուսներն են մեզ տալիս, երբ արանքում Արա Աբրահամյան կա: Գալիս է, չէ՞ մարդը, եւ ոչ հայերեն, ոչ ռուսերեն լեզվով հայտարարում Երեւանում Մտավորականների ակումբ ստեղծելու մասին: Այսինքն, ստեղծագործական միությունների ԽՍՀՄ են ստեղծում` բոլոր ստեղծագործական միությունները մի կառույցի մեջ: Որ ի՞նչ անեն: Որպեսզի համատեղ կարողանան կանխել Հայաստանում հակառուսական ցանկացած տրամադրություն: Ուրեմն, մենք ռուսներին տալու ունենք մեր բարիդրացիությունը «չերեզ՚»Վրաստան: Բայց քանի դեռ չեն ստացել, սա ակնկալիք է: Ինչո՞վ է ակնկալիքը տարբերվում ստանալիքից:

 

Ըստ իս ակնկալիքը ստանալիքից տարբերվում է գրգռաճեղքով (մի քիչ ավելի հայերեն այս բառը հնչում է այսպես` прорех):

 

Գրգռաճեղքը ցանկացած ակնկալիքի աղն է: Մինչեւ ցույց չտաս, մարդը չի իմանա, թե ինչ է իր ուզածը: Ռուսաստանը մեր գրգռաճեղքն է, որովհետեւ այդ երկրի մասին մեր իմացությունը առանց նրա մեզ սպասվող սպառնալիքներին դիմագրավելու անկարողության մասին է: Ռուսները սա գիտեն եւ որպեսզի գրգռաճեղքը բաց մնա, պետք է անդամագրվենք Վլադիմիր Պուտինի մտահղացած Մաքսային Միությանը դարձյալ «չերեզ» Վրաստան: Իսկ ի՞նչ են ստանում ռուսները մեր անդամակցությամբ, եթե, մենք, այնուամենայնիվ, առարկայորեն նրանց տալիք չունենք: Նրանք ստանում են աշխարհի հետ մեր հարաբերությունների իրացման հեղինակային իրավունքը, նրանք պատենտավորում են Հայաստանի Հանրապետությունը որպես անձնական օգտագործման տարածք եւ, դիցուք, վաղը մեզ կարգելեն Միությունից դուրս որեւէ եվրոպական երկրի հետ աշխուժացնել տնտեսական հարաբերություններ:

 

Մեզ կմնա դեպի Ռուսաստան բացված գրգռաճեղքից հետեւել աշխարհի ձեռքբերումներին ու ճգնաժամերին, որոնք մեզ հասնելու համար արդեն հաշվի չեն առնի Վրաստանի գոյությունը: Բայց գրգռաճեղքով, միեւնույն է, դժվար կսպառնան մեզ այդ ձեռքբերումներն ու ճգնաժամերը:

 

Սեյրան Հանոյան